Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում
21.10.2023
Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսն ու փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ հանդիպեցին մարզի համայնքների ղեկավարներին:
Ողջույնի խոսքում պարոն Կովաքսն ասաց, որ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի մտահոգությունն է նաև, որ Ֆրանսիայի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, որովհետև կատարվածը հիշեցնում է հայ ժողովրդի պատմության ամենադառը օրերը, և կարևոր է, որ այն դատապարտվի:
Նա շնորհակալություն հայտնեց համախմբված ու միասնական աշխատանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին մարզում ընդունելու և տեղավորելու համար՝ զուգահեռ համեմատելով, որ նման մարդկային հոսք իրենց ռեգիոնում չէին կարողանա կառավարել և տեղավորել:
Մարզպետ Ղուկասյանն ավելացրեց, որ չի եղել երկրում ու մարզում մի իրավիճակ, որին պարոն Վոքիեն հեռախոսազանգով կամ նամակով չարձագանքի․ դա խոսում է իր սրտացավության և ուշադրության մասին:
Հանդիպման հիմնական նպատակն էր համայնքների ղեկավարներին հայտնել, որ պարոն Վոքիեի և մարզպետ Ղուկասյանի նախաձեռնությամբ Սյունիքի յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում: Սա մեծ հնարավորություն կտա առավել լրջորեն զարգացնելու համագործակցությունը, յուրաքանչյուր համայնքում աշխատելու կոնկրետ ծրագրերի վրա:
Գարնանը նախատեսվում է քույր քաղաքների քաղաքապետերի այց Սյունիք, բայց Ռոբերտ Ղուկասյանի առաջարկով մինչ այդ կկազմակերպվի Սյունիքի համայնքների ղեկավարների այց ռեգիոն ու համապատասխան քաղաքներ՝ տեղում հասկանալու, թե որ ոլորտներում ինչ ծրագրերի վրա կարող են աշխատել:
«Մարզի կայունության համար կարևոր է նաև, որ այս ծրագրերը անդրադառնան երեխաների ու երիտասարդության կրթական ու մշակութային զարգացմանը: Համայնքների ղեկավարներին խորհուրդ կտամ, որ մեր հրաշալի սերնդի համար նույնպես ծրագրեր ներկայացնեն», - նշեց մարզպետը:
Երկուշաբթի օրվանից աշխատանքային խմբեր կստեղծվեն թե՛ Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնում և թե՛ Սյունիքի մարզպետի աշխատակազմում՝ համայնքների միջև կնքվելիք հուշագրերը նախապատրաստելու և ներկայացվելիք ծրագրերի կազմման հարցում աջակցելու համար: