Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԸ
07.11.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուին։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի ՀԾ-ին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և նրանց կարիքները հոգալու գործընթացում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դժվարությունները հաջողվեց հաղթահարել նաև գործընկեր կազմակերպությունների հետ միասնական աշխատանքի շնորհիվ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղահանվածներին աջակցելուն ուղղված հետագա ծրագրերի ճիշտ մեխանիզմներին ու այդ համատեքստում համագործակությանն առնչվող հարցեր։
Տիկին Սկաուն ներկայացրեց նաև 2022-2023 թթ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Սյունիքում իրականացված ու այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։
Կազմակերպությունը գործունեություն է ծավալել Գորիս, Սիսիան, Տեղ, Տաթև, Մեղրի համայնքներում, նոր ծրագիր է սկսել Կապանում։ Իրականացված աշխատանքների շարքում եղել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ներդրումներ՝ ոռոգման ցանցերի կառուցում և նորոգում, արևային կայանների տեղադրում, լոգիստիկ կենտրոնի հիմնում, գյուղատնտեսների վերապատրաստումներ, աջակցություն փոքր բիզնեսին, նոր այգիների հիմնում, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրում, օժանդակություն գյուղատնեսական կրթությանը և այլն։
Հարկ է նշել, որ այս ընթացքում ծրագրի կողմից Սյունիքում 53 կմ ոռոգման ջրի ցանց է կառուցվել՝ մարզում ոռոգելի դարձնելով 1400 հա հողատարածք։
Նշվեց, որ մարզային ծրագիրը շարունակվում է, ու Սյունիքում նախանշվածը, հատկապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները բնականոն հունով ընթանում են։
Ռոբերտ Ղուկասյանը առաջիկա ծրագրերի հետ կապված նաև առաջնահերթություններ ու մարզի համար ցանկալի ուղղություններ առանձնացրեց, որոնց միջազգային գործընկերները խոստացան ուշադրություն դարձնել։