Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.11.2023
Հարգելի՛ ՏԻՄ աշխատակիցներ, գործընկերներ
Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առիթով, որը Հայաստանում նշվում է այսօր՝ նոյեմբերի 10-ին. շնորհավորում եմ նաև ՏԻՄ ոլորտի հետ համագործակցող ու աշխատանքը համակարգող պետական կառույցների աշխատակիցներին։
Քսանյոթ տարի առաջ ձևավորված ՏԻՄ համակարգն այսօր մեր քաղաքացուն ամենամոտ կանգնած կառավարման օղակն է․ համայնքում տիրող իրավիճակը և մարդկանց վերաբերմունքը պետականությանը, հայրենիքին, մեծապես կախված են ձեր աշխատանքից, որը թե՛ ծառայություն է, թե՛ մեծ պատասխանատվություն և պահանջում է պրոֆեսիոնալիզմ, մասնագիտական աշխատանքում անընդհատ սովորելու ցանկություն, համբերատարություն ու բնակչի հանդեպ հոգատարություն։
Նաև դուք եք մարդկանց բարձրաձայնած խնդիրները հասցնում կառավարման առավել վերին օղակներ, ու արդյունավետ լուծումներ գտնելիս՝ կարևոր է ձեր ճիշտ աշխատանքը։
Պետական ու մարզային քաղաքականության իրականացման, դրանց շրջանակում համայնքներում իրականացվող ծրագրերի կատարման որակը ևս շատ դեպքերում որոշվում է նրանով, թե որքան գրագետ ու հստակ է կազմակերպվում ձեր աշխատանքը, ու հաստատվում երկխոսություն բնակիչների հետ:
Հարգելի գործընկերնե՛ր, ճանաչելով ձեզնից շատ-շատերին, անընդհատ շրջելով համայնքներում և մեր հայրենիքի համար ամենաբարդ ժամանակներում ևս տեսնելով ձեր կազմակերպված աշխատանքը՝ վստահաբար կարող եմ ասել, որ նաև Սյունիքի համայնքների ՏԻՄ աշխատակիցերի տքնաջան ու գրագետ աշխատանքի, տեղական նշանակության հարցերի նպատակաուղղված լուծման միջոցով է, որ մարզն ընթանում է զարգացման ճանապարհով՝ տարածքային ու պետական կառավարման իշխանությունների հետ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ։
Մաղթում եմ բոլորիդ խաղաղ աշխատանքային օրեր, քաջառողջություն, բարօրություն և լավատեսություն, որպեսզի ձեր գործունեության մեջ միշտ առաջնորդվեք և կայացնեք կարևոր որոշումներ՝ ելնելով քաղաքացիների ու մեր երկրի շահերից։