Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՄՍԻ ԱՆՎՏԱՆԳ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑԵՐՆ ԷԻՆ
13.12.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզում միս վաճառող տնտեսվարողներ ու սպանդանոցների տերեր, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անասունների մորթի, մսի վաճառքի անվտանգ կազմակերպման, սպանդանոցների հնարավորությունների, սահմանված նորմերով մսի տեղափոխման հետ կապված հարցեր ու այդ համատեքստում մարզում առկա խնդիրները, որոնք մտահոգում են այս գործընթացներում ընդգրկված բոլոր կողմերին։
Մասնավորապես, որոշ բնակավայրերում կա սպանդանոց, բայց չկա մորթի ենթակա անասունների բավարար քանակ, մեկ այլ տեղ, որտեղ անասուններն են շատ, չեն հերիքում սպանդանոցի հզորությունները, քիչ են մսի տեղափոխման համար անհրաժեշտ սանիտարական չափորոշիչներին համապատասխանող սառնարան-մեքենաները և այլն, իսկ Մեղրիում ընդհանրապես սպանդանոց չկա, որը լուրջ խնդիրներ է ստեղծում տեղացի գյուղատնտեսների համար՝ արտադրած միսն իրացնելիս։
Քննարկվեցին նաև, հատկապես Ամանորի շեմին, բակային մորթը կանխարգելելու և բացառելու մեխանիզմները, Մեղրիում հնարավոր շարժական սպանդանոցի ներդրման հարցն ու այլ խնդիրներ, հնչեցին առաջարկներ, որոնք կարող են վերացնել այս խոչընդոտները, իսկ մարզային իշխանությունն իր լծակների սահմաններում կաջակցի խնդիրների լուծմանը։