Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.01.2024

 Սիրելի՛ սյունեցիներ
Անցնող 2023-ը ևս ճանապարհում ենք բարդ զգացողություններով, տարվա ընթացքում բազում մարտահրավերներ դիմակայած, ծանր հուշերով․․․
Բայց Ամանորն ու Սուրբ Ծնունդը, անկախ ամեն ինչից ու անկախ տարիքից, միշտ ուղեկցվում են լույսի, լավատեսության, դրական փոփոխությունների ու հրաշքի սպասումով։ Ուստի, Ամանորյա ուղերձները թերևս ավելի են կարևորվում դժվարին շրջափուլերում, ինչպիսիք այն ժամանակներն են, որ անցել ենք վերջին տարիների ընթացքում:
Շնորհավորում եմ բոլորիդ․ մաղթում եմ, որ այս տոնը մեր հայրենիքին ու բոլորիս օջախներին բերի խաղաղություն, երջանկություն, ներդաշնակություն ամեն կարգի հարաբերություններում, ամրություն և ուժ։ Մաղթում եմ նաև, որ ամենաբարի տոնը սովորեցնի մեզ միմյանց հանդեպ առավել բարի, հանդուժող ու ջերմ լինել։
Իսկ այդպիսին մենք կարող ենք լինել․ վկան Սյունիքում իրականացված` հոգատարությամբ, նվիրվածությամբ ու սիրով լի անխոնջ աշխատանքի օրերն էին անցնող տարվա սեպտեմբերին` ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելիս։
Տարեմուտի այս օրը շնորհակալություն եմ հայտնում ձեզ` սիրելի սյունեցիներ` այդ օրերին ցուցաբերած համախմբվածության, փոխօգնության, հյուրընկալության ու կատարածի համար։
Հերթական անցնող տարին, ցավոք, կրկին անկորուստ չէր․ իմ խոնարհումը այս տարվա սեպտեմբերին, անցած տարվա սեպտեմբերին, 2020-ի 44-օրյա ու մեր գոյապայքարի նախորդ պատերազմներում հերոսացած հայորդիների հիշատակին։
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր սահմաններին կանգնած զինվորներին, անփորձանք ծառայություն ու բարի Ամանոր ցանկանում նրանց։
Սիրելի՛հայրենակիցներ, թո՛ղ Նոր տարին յուրաքանչյուր տուն մտնի խաղաղությամբ, ուրախությամբ և բարի փոփոխություններով ու հնարավորինս շատ պայծառ օրեր բերի ամենքիդ:
Եվ թո՛ղ որ 2024 թվականը Հայաստան աշխարհի համար լինի անվտանգության, կայուն զարգացման, խաղաղ առաջընթացի, բարգավաճման տարի։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36