Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.01.2024
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր նշում ենք մեր ազգային ինքնիշխանության ու պետականության ամենակարևոր խորհրդանիշ Հայոց բանակի տոնը, որը կազմավորվեց 32 տարի առաջ։
Կազմավորվեց ժամանակի հրամայականով ու դժվարին ժամանակաշրջանում, երբ պայքարում էինք հայրենիքի լինելության համար․ կազմավորվեց սկզբում կամավորականներից, անկախ Հայաստանի առաջին նորակոչիկներից՝ միաժամանակ թրծվելով ռազմական գործողություններում և աստիճանաբար դառնալով արհեստավարժ բանակ։ Գրեթե բոլոր հայ ընտանիքներում կան անձինք, որ ամենադժվարին ժամանակներում պաշտպանել են հայրենիքը։
Սիրելի՛ զինվորներ ու սպաներ, մեր բոլոր պատերազմների մասնակիցներ ու վետերաններ, շնորհավորում եմ բոլորիս Հունվարի 28-ի կապակցությամբ։
Հայրենիքի պաշտպանության այսօրվա բոլոր նվիրյալներին մաղթում եմ ամուր ոգի ու անփորձանք ծառայություն, մեր հայրենիքին՝ խաղաղություն և բարեկեցություն, բազում մարտահրավերներին դիմակայելու ուժ և հմտություն։
Մեր խոնարհումը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում կանգնած հերոսներին, նրա կայացման, հաղթանակներ կերտելու մեջ ներդրում ունեցողներին, հավե՛րժ փառք այդ ճանապարհին ու մինչ մեր օրեր Հայոց բանակի շարքերում անմահացած հայորդիներին։ Շնորհակալությո՛ւն մեր կողքին ապրող՝ մեր բանակի տարբեր սերունդների լեգենդար անուններին, որոնք օրինակ են այսօրվա ծառայողների համար։ Իմ երախտագիտությունը բոլորիդ՝ հայրենիքին մատուցած ձեր քաջարի ծառայության համար։
Հիմա դժվարին խնդիրների լուծման, բարեփոխումների ու ժամանակի հետ համահունչ քայլելու շրջան է նաև մեր բանակի համար, այս ամենին զուգահեռ սակայն, ամենից կարևորը հայ մարտիկի ոգին է, որին հավատում ենք բոլորս։ Հպարտանա՛նք նրանցով, ովքեր այժմ արժանապատվորեն կատարում են իրենց ծառայելու պարտքը՝ խիզախորեն և անձնուրաց պաշտպանելով հայրենիքը։
Փաստենք, որ անհիշելի ժամանակներից երկրների ազատությունն ու անկախությունը հենվել են մարմնով և հոգով ուժեղ մարդկանց ուսերին, որ պատրաստ են տեր կանգնել իրենց ընտանիքին և հայրենիքին։ Ուստի ամենքս մեր տեղում, նախևառաջ, պետք է նեցուկ լինենք Հայոց բանակին՝ աշխատենք հանուն մեր երկրի տնտեսության զարգացման, պետական ինստիտուտների ամրացման, պետականության հզորացման, որոնք էլ ուժեղ բանակի հիմքն են։
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ։