Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.03.2024
Սիրելի՛ հայուհիներ
Ընդունե՛ք իմ անկեղծ շնորհավորանքը ձեզ նվիրված գարնանային տոնի կապակցությամբ:
Բոլորիդ, որ այդքան բարի եք, գեղեցիկ ու հոգատար, մաղթում եմ տոնական տրամադրություն, երջանկություն, բարեկեցություն և մեր ժամանակներում ամենակարևորը՝ խաղաղություն․ թո՛ղ որ ձեր կյանքը լեցուն լինի միայն գեղեցիկ ու պայծառ իրադարձություններով:
Թո՛ղ այս հրաշալի տոնի հետ գարունն այցելի բոլորիդ սրտերին ու հոգիներին ու ձեր ամենաթանկ մարդկանց ուշադրության շնորհիվ հարատև լինի։ Շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ իմաստնության ու անսպառ ջերմության համար, որ տալիս եք մեզ ամեն օր, հաջողությամբ համատեղում մասնագիտական աճն ու աշխատանքը ընտանեկան օջախն ու ավանդույթները պահպանելու հետ։ Ամենապատասխանատու դերերում նպաստում եք նաև մեր հայրենիքի առաջընթացին, մեզ դարձնում ավելի ուժեղ, վստահություն և ոգեշնչում տալով նոր ձեռքբերումների համար՝ կյանքը լցնում հույսով և ներդաշնակությամբ:
Մեր մարզում ևս ապրում ու արարում են հայրենասեր, նպատակասլաց և տաղանդավոր կանայք, նրանք հսկայական ներդրում ունեն Սյունիքի զարգացման գործում թե՛ մասնագիտական գործունեությամբ, թե՛ հասարակական ակտիվությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ նրանք արել և շարունակում են անել․ հիացմունքի է արժանի ծննդավայրին ձեր նվիրվածությունը։
Մարտի 8-ին չենք կարող չհիշել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայուհիներին, մեր խոնարհումը՝ նրանց հիշատակին․․․ Մարտի 8-ին՝ ուժ և տոկունություն այն կանանց, որ հանուն մայր հողի հերոսացած որդուց, եղբորից, ամուսնուց, հորից շնորհավորանք չեն ստանալու․․․Համբերատարություն նաև նրանց, որ սպասում են այս պահին ծառայության մեջ գտնվող հարազատներին։
Եվս մեկ անգամ շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ կանայք ու աղջիկներ, թո՛ղ ձեր կյանքում միշտ ներկա լինեն ներդաշնակությունը, հաջողությունները, բարի իրադարձություններն ու գարունը: