Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

04.04.2024

Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ու նաև սյունեցի պատգամավորներ, Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ մարզ այցելելու, ինչպես նաև համայնքների ղեկավարներին հանդիպման համար՝ նշելով, որ հանձնաժողովի գործունեության ոլոտում այնպիսի գործառույթներ են, որոնք շատ կենսական ուղղություններ են ՏԻՄ-երի համար։
«Այս ձևաչափով հանդիպումը շատ կարևոր է, որովհետև բոլոր կողմերին միաժամանակ հուզող ու հետաքրքրող թեմաներ կան, իսկ մարզը բավականին հեռու է մայրաքաղաքից, ու այսօր հնարավորություն կա տեղում լսել իրար», - ասաց մարզպետը։
Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հայտնեց, որ իրենց այցի նպատակը տեղում ՏԻՄ-երի՝ հանձնաժողովի գործունեության շրջանակներին վերաբերող խնդիրներին ծանոթանալն է, ինչպես նաև համայնքներում շրջելով՝ սուբվենցիոն ծրագրերով, պետական ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքների արդյունքներն ուսումնասիրելը։ Նա նշեց, որ հանձնաժողովը վերջին տարիներին ձգտել է օրենսդրական նախաձեռնություններով նպաստել համայնքների սեփական եկամուտների ավելացմանը, որը կարևոր նշանակություն ունի համայնքային բյուջեների համար։
Պարոն Ղալումյանը նաև շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի աշխատակազմին ու մարզի համայնքների ղեկավարներին՝ 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից տեղահանվածներին առաջինն ու բարձր մակարդակով Սյունիքում ընդունելու համար։
Հանդիպման ընթացքում ծավալվեց քննարկում, հնչեց հարցուպատասխան ներկաներին հուզող խնդիրների շուրջ, պատգամավորները գրանցեցին ու կուսումնասիրեն համայնքների բարձրաձայնած հարցերն ու առաջարկները։
ԱԺ պատվիրակությունը հանդիպեց նաև Կապանում հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ․ նրանք ևս պատգամավորներին ու մարզպետին դիմեցին տարբեր հարցերով․ դրանցից որոշները տեղում պատասխան ստացան, մյուսները հավելյալ կուսումնասիրվեն։
Պատգամավորների շրջայցը շարունակվում է մարզի համայնքներում։
Նշենք, որ այս նախաձեռնությունը կայացել է ՄԱԶԾ «Հայաստանի խորհրդարանի արձագանքման արդյունավետության թափանցիկության և ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության և Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-10 17:47:32