Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

26.04.2024

 Ապրիլի 25-ին Սիսիանում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում հաստատված քաղաքացիների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Համբարձումյանը և Նարեկ Ղահրամանյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման եկած ու Սյունիքում հաստատած մեր հայրենակիցներին և նշեց, որ նման ձևաչափով հանդիպումը շատ կարևոր է, որովհետեւ ներկա են թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պատասխանատուներ ու նրանք լավ գիտեն այն հարցերի պատասխանները, որ մտահոգում են տեղահանված անձանց։
Կառավարության անդամները շեշտեցին՝ այս հանդիպումների ընթացքում բարձրացվում են հարցեր, որոնք օգնում են իրենց հետագա աշխատանքում և նպաստում, որ կայացված որոշումներն առավել հասցեական ու նպատակային լինեն։
Նրանք ԼՂ-ից տեղահանվածներին ներկայացրեցին ՀՀ կառավարության կողմից մինչ այժմ իրականացված ու ընթացիկ սոցիալական աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են տեղահանվածների կարիքներին։
Առանձին անդրադարձ կատարվեց «40 + 10 հազար» ծրագրին, որի ժամկետները կառավարության որոշմամբ երկարաձգվել են, ու ընդլայնվել՝ շահառուների շրջանակը։
Առավել մանրամասնորեն խոսվեց տեղահանվածներին ամենաշատը հուզող խնդրի՝ բնակարանային ապահովման ծրագրի մասին։
Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցելու համար մեկ անձի հաշվով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ ըստ բնակավայրերի։ Նշվեց, որ Սյունիքի բնակավայրերի համար հիմնականում կտրվեն 5 մլն և 4 մլն արժեքով հավաստագրեր։ Առաջնահերթություն կտրվի երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք ևս ունեն անչափահաս երեխաներ, ինչպես նաև՝ խոցելի խմբերի ընտանիքներին։
Բնակապահովման աջակցությունից կօգտվեն բռնի տեղահանված այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։
Քանի որ երկրում առկա բնակֆոնդը բավարար չէ, դիտարկվում է իրականացնել նաև բնակարանաշինության ծրագրեր։
Գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները պատասխանեցին նաև ներկաներին հուզող բազմաբնույթ հարցերին, պարզաբանումներ տվեցին, արձանագրեցին նրանց բարձրաձայնած խնդիրները, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11