Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
09.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Հաղթանակի եւ խաղաղության տոնն է․ շնորհավորում եմ բոլորիս ու Մայիսի 9-ին համահունչ` մաղթում խաղաղություն և հաղթանակներ ամեն բնագավառում ու մեր հայրենիքին զարգացում բերող բոլոր ոլորտներում։
Մեծ հայրենականում տարած հաղթանակի 79-ամյակը նաև մեր հաղթանակն է, որովհետև հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել դրանում ու ողջ մարդկության համար չարիք ֆաշիզմի դեմ պայքարում։
1945-ի հաղթանակի կերտմանը մասնակցել են հազարավոր հայորդիներ, նրանց մեջ նաև` բազում սյունեցիներ, որոնց գրեթե կեսը տուն դարձավ․․․
Պատերազմում ունեցանք նաև հերոսներ, որոնց օրինակով դաստիարակվեցին սերունդներ, սովորեցին սիրել հայրենիքը, անձնուրաց նվիրվել հայրենի հողին։ Նրանք ոգեշնչման աղբյուր դարձան մեր հաջորդ հաղթանակների համար, որ ունեցանք արդեն 1990-ականներին` ամրագրելով ինքնիշխան, ազատ ու պետականություն ունեցող Հայաստան ունենալու իրավունքը։ Մեր նախնիների խիզախությունը լուսավորեց նաև հետագա դժվարին ժամանակները և ճանապարհ ցույց տվեց ապագա սերունդներին` ավելի լավ, անկախ ու խաղաղ երկիր ունենալու համար պայքարում։
Այսօր մեր խոնարհումն ու նրանց հիշատակի հանդեպ հարգանքը, ովքեր իրենց զոհել են հանուն հայրենիքի Մեծ հայրենականում ու հանուն Հայաստանի Հանրապետության գոյության համար կերտած հաղթանակներում։
Փա՛ռք վետերան մեր պապերին ու հավե՛րժ փառք նորանկախ մեր պետականությունը պաշտպանելիս հերոսացած հայորդիներին։
Այսօր մեր պարտքն է նաև վերահաստատել հանձնառությունը՝ պաշտպանելու այն արժեքները, որոնց համար նրանք պայքարել են, ոչ միայն տոնելու հաղթանակը, այլև խորհելու խաղաղության կարևորության մասին։
Մեր նախնիների` 20-րդ դարակեսին ունեցած ու նոր սերնդի` 1990-ականներին ամրագրած հաղթանակները պարտավորեցնող են, ուսուցանող ու ոգեշնչող և օգնում են չկոտրվել, հավատալ մեր ուժին ու հավաքական իմաստնությանը, հասկանալ, որ հաղթանակել, այս բառի բոլոր իմաստներով, կարղ ենք միշտ, եթե միասնական ենք ու հայրենիքի շահը վեր ենք դասում անձնական ամեն ինչից։
Խաղաղությո՛ւն մեր հայրենիքին ու բարեկեցություն բոլորիդ։ Թո՛ղ միասնության և համերաշխության ոգին առաջնորդի մեզ։