Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

23.05.2024

 Մայիսի 23-ին Գորիսում նշվեց Եվրոպայի օրը․ միջոցառումներին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, եվրոպական մի շարք երկրների դեսպաններ, մարզի համայնքապետեր, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության, Սյունիքում ԵՄ աջակցությամբ ծրագրեր իրականացնող տարբեր միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։
-------------------------------------------------------------------------
Իր խոսքում Եմ դեսպանը մասնավորապես ասաց․
«Այսօր մենք ոչ միայն նշում ենք Եվրոպայի օրը, այլև աշխատում ենք, ահա թե ինչու նախաձեռնել ենք նաև այս աշխատաժողովը, որը նվիրված է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը։
Առաջին հերթին շնորհակալությո՛ւն Սյունիքի մարզպետին՝ պարոն Ղուկասյանին, որի առաջնորդության շնորհիվ նաև այն կյանքի կոչվեց։
Ես ողջունում եմ այստեղ գտնվող իմ գործընկերներին՝ դեսպաններին, շնորհակալություն նաև «Թիմ Եվրոպային» միացած բոլոր պետություններին ու կազմակերպություններին, որովհետև միայն ԵՄ անդամ երկրները չէ, որ մաս են կազմում ծրագրին։
Այս աշխատաժողովում մենք կքննարկենք, թե նախաձեռնության շրջանակում իրականացվող ծրագրերի առումով մենք ուր ենք հասել։ Նշեմ, որ այն նախաձեռնվել է միավորելու մասնակիցների ուժերը տարածաշրջանի զարգացման վրա մեծ ազդեցություն ունենալու համար, բայց այդ ազդեցությունն իրոք ուժեղ կլինի միայն ձեր՝ հայկական կողմի ձեռնարկների ու աշխատանքի շնորհիվ, դուք եք «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպան»՝ այս ծրագրի հայ մասնակիցներդ։
Բոլորիս միասին աշխատելը հանուն Սյունիքի, նաև այլ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման այն կենսական ու գլխավոր տարրն է, որ մենք ներդնում ենք հանուն Հայաստանի ինքնիշխանություն, տարածքային ինտեգրացիայի, դիմակայունության, բարեկեցության ու անկախության։
Այսօր, պարո՛ն մարզպետ, մենք նաև պետք է քննարկենք, թե ինչպես ենք պատրաստվում առաջիկայում համատեղ աշխատել, որպեսզի մարդիկ տեսնեն մեր միասնական աշխատանքի արդյունքները»։
——————————————————————————
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհավորելով բոլորին Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը հերթական անգամ նշվում է Սյունիքում, ասաց․
«Չի կարելի չնկատել Եվրոպական Միության հետ մեր սերտ աշխատանքը, և այդ աշխատանքի արդյունքում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը բավականին ծանր աշխատանք է կատարել ու անցել ճանապարհ։ Հիմա հասել ենք այս կետին և դա բոլորս միասին ենք կարողացել անել․ այսօր կարող ենք արդեն խոսել թե՛ մեկնարկած, թե՛ նոր մեկնարկող ծրագրերի մասին։ Սա շատ ջերմ գործընկերային միջավայրի մասին է խոսում, որի համար շնորհակալ եմ։
Մենք բավականին ծանր փուլ ենք հաղթահարում, որի ողջ ընթացքում ստացել ենք ձեր աջակցությունը մեր բոլոր նախաձեռնություններում։ Այն, որ այս գործընթացը հանուն Սյունիքի բնակչության է, հանուն Սյունիքի ուժեղացման, դիմադրողականության բարձրացման ու հանուն ժողովրդավարության, աներկբա է։ Ու մենք դա անում ենք միասին, ձեռք ձեռքի տված։ Վստահ եմ, որ մի քանի տարի անց խոսելու ենք այն ուժեղ Սյունիքի մասին, որն այսօր ծրագրում ենք, որ ունենալու ենք։
Կեցցե՛ Սյունիքը, կեցցե՛ այն մեծ թիմը, որը կոչված է Սյունիքի դիմադրողականության բարձրացման համար, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
---------------------------------------------------------------
Այնուհետև 2023 թվականի ընթացքում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» (արդեն իսկ 125 միլիոն եվրո ընդհանուր արժեքով) նախաձեռնության առաջընթացի անփուփումը կատարեց ՀՀ-ում Եմ պատվիրակության ներկայացուցիչ Տաթևիկ Դավթյանը։ Նա պատմեց, թե անցած տարվա ընթացքում ինչ ուղղություններով են աշխատանքներ կատարվել մարզում այս նախաձեռնության շրջանակում։
Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը ներկայացրեց Սյունիքի սոցիալ-տնտեսական ու զարգացման կարիքները, այն ոլորտները, որոնցում կան խնդիրներ ու ինչպիսի լուծումներ է տեսնում մարզային իշխանությունը դրանց համար։ Ներկայացվածը կարող է ուղենիշ լինել ԵՄ վերոնշյալ ծրագրով հատկացվող դրամաշնորհների թիրախների ընտրության համար։
Քննարկման ընթացքում հնչեցին նաև հարցուպատասխան, առաջարկներ։
Սյունիքի մարզպետը, ԵՄ դեսպանը, մյուս հյուրերն այնուհետև շրջեցին ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ու տեղական արտադրանքի տեղեկատվական ցուցահանդեսում։
Օրվա ավարտին՝ պաշտոնական ընդունելության ընթացքում Վասիլիս Մարագոսն ու Ռոբերտ Ղուկասյանը կրկին շնորհավորեցին միմյանց ու ներկաներին Եվրոպայի օրվա կապակցությամբ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը աշխատելու հանուն ազատության, միասնության, համագործակցության, խաղաղության հաստատման։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:26:09