Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
24.05.2024
Սիրելի՛ շրջանավարտներ
Շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության շրջանի ավարտի և անմոռանալի տոնի՝ Վերջին դասի կապակցությամբ:
Այս տարիների ընթացքում ձեր կողքին էին ուսուցիչները․ նրանք մեծահոգաբար ձեզ են նվիրել իրենց փորձը, անհանգստացել ձեզ համար, ուրախացել ձեր հաղթանակներով և յուրաքանչյուրիդ դաստիարակել այնպես, որ մեր երկրի արժանավոր քաղաքացին դառնաք։
Երբե՛ք մի մոռացեք նրանց, ովքեր իրենց ուժն ու հոգին են ներդրել այս ամենի համար։ Շնորհակալություն, հարգելի՛ ուսուցիչներ, ջերմության, բարության, իմաստնության, արհեստավարժության և ձեր աշխատանքին նվիրվածության համար, ոչ միայն գիտելիք տալու, այլև հոգատարության համար: Աշակերտների հաղթանակները տարբեր ասպարեզներում հավասարապես ձեր նվաճումներն են։
Սիրելի ՛շրջանավարտներ, այսօր դուք լուրջ որոշումների շեմին եք։ Թո՛ղ որ այն գիտելիքները, որ տվել է դպրոցը, օգնեն իրականացնել բոլոր ծրագրերն ու երազանքները: Եվ անկախ նրանից, թե ինչ ճանապարհ եք ընտրում, թո՛ղ ձեզնից յուրաքանչյուրը դառնա Հայաստանի Հանրապետության գնահատելի քաղաքացի, դառնա իր ընտրած մասնագիտության մեջ արհեստավարժ, նաև լինի Սյունիքի ու իր հայրենի բնակավայրի նվիրյալը։
Այսօր՝ հատուկ երախտագիտությունս նաև մեր շրջանավարտների ծնողներին, քանի որ երեխաների հաջողությունն առաջին հերթին իրենց հաջողությունն է, որի համար նրանք այնքան սեր, հոգատարություն և համբերություն են ներդրել։
Բոլորիդ, ում համար այսօր վերջին անգամ հնչում է դպրոցական զանգը, մաղթում եմ, որ համարձակ ու վստահորեն քայլեք կյանքի միջով, չերկնչեք դժվարություններից, հավատաք ձեր ուժերին, ցանկանում եմ ամենքիդ նորանոր հաջողություններ, իրականացված նպատակներ և նոր հաղթանակներ։
Սիրելի՛ շրջանավարտներ, թո՛ղ ձեր մտքերը լինեն բարի, իղձերը՝ թևավոր և անցնելիք ուղին՝ պայծառ:
Ձեր առջև դրեք ամենահամարձակ նպատակները և կյանքի կոչեք, քանզի երիտասարդ եք, ակտիվ, ունեք ներուժ դրա համար։ Ձեր ծնողները, ուսուցիչներն ու բոլորս հավատում ենք ձեզ, և վստահ եմ, որ կարդարացնեք մեր հույսերը։
Սրտանց ցանկանում եմ, որ լինեք երջանիկ ու ապրեք խաղա՛ղ երկրում։
Բարի՛ երթ 2023-2024 ուստարվա շրջանավարտներին։