Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
18.06.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը հունիսի 17-ին մասնակցել են Երևանում մեկնարկած՝ Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, որի բացման խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։
Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող այս համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել տեղական ինքնակառավարման, նահանգային և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ կարծիքներ փոխանակելու ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության վերաբերյալ։
Միջոցառումը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի ու համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։
Միջոցառմանը մասնակցում էին քաղաքային և նահանգային պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից և համայնքային ու մարզային պաշտոնյաներ Հայաստանից, որոնք քննարկել են համայնքների, նահանգների ու մարզերի փոխգործակցության ամրապնդման լավագույն փորձն ու ընդհանուր նպատակները։
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է․ «Մենք հետաքրքրված ենք նպաստել Սյունիքի և Կալիֆորնիայի, Երևանի և Լոս Անջելեսի, Գյումրիի և Գլենդելի, Կապանի և Գլենդելի, Վանաձորի և Փասադենայի միջև հարաբերությունների ամրապնդմանը»:
Բացման նիստից հետո քննության են առնվել տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցերը՝ համագործակցությունը քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի հետ, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, ընտրական գործընթացների ապահովումը, ընտրազանգվածի ներգրավումը և այլն։
Նաև տեղի են ունեցել քննարկումներ գործընկերության մասին հայտարարած ՀՀ ու ԱՄՆ քաղաք-զույգերի միջև՝ մտքեր փոխանակելու առաջիկա ամիսներին երկխոսության և համագործակցության խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ, ձևավորելու դինամիկ գործընկերություններ, որոնք կնպաստեն փոխադարձ ըմբռնման մեծացմանը, արդյունավետ կառավարմանը, տնտեսական զարգացմանը, խաղաղությանն ու բարեկեցությանը՝ ի շահ հայ և ամերիկացի ժողովուրդների։