Այսօր Ալ․ Շիրվանզադեի անվան Կապանի պետական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «ՀՀ մշակույթի նախարարության ոսկե» մեդալակիր երջանկահիշատակ Կամո Արզումանյանի տիկինը՝ Հասմիկ Մեսրոպյանը, Կապանի երկրագիտական թանգարանին հանձնեց արխիվային նյութեր ամուսնու մասնագիտական պահարանից։
Դրանք առնչվում են Կապանի թատրոնի երկարամյա տարեգրությանն ու կօգնեն թանգարանին Կապանի թատերական կյանքի մասին ցուցադրություններ կազմակերպելիս, ինչպես նաև կօգնեն թատրոնի պատմությունը ուսումնասիրողներին։
Այս նախաձեռնությունն ու գաղափարը տիկին Հասմիկի մեջ հղացել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի հետ քննարկման արդյունքում։
Նյութերի հանձնմանն այսօր ներկա էին տիկին Գանդալյանը, թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը, Կապանի դրամատիկական թատրոնի աշխատակիցներ։
Ներկաները շնորհակալություն հայտնեցին Կապանի մշակութային կյանքի պատմության ամբողջացմանը նպաստող նմուշները թանգարանին հանձնելու համար, որոնց մեջ էր նաև 40 տարի առաջ Կամո Արզումանյանի ձեռքով կազմված ալբոմը՝ լի լուսանկարներով, թատրոնի կարևորագույն էջերի մասին պատմություններով, լրագրային հրապարակումներով և այլն։