Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

13.07.2024

 Հուլիսի 11-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում նշվեց ԱՄՆ-ի Անկախության տոնը։ Տոնակատարությունն առաջին անգամ էր անցկացվում Սյունիքում․ այն կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզի համայնքապետերը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի, ԱՄՆ աջակցությամբ մարզում ծրագրեր իրականացնող կառույցների ներկայացուցիչներ, տարբեր ծրագրերի շահառուներ։
Տոնակատարության մեկնարկին հնչեցին ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը։
Դեսպան Քվինն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ բարեկամության ու գործընկերության համար։
«Մենք հասկանում ենք, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել Սյունիքի համար։ Եվ այսօր, նշելով մեր Անկախության տոնն այստեղ՝ Կապանում, մենք մեկ անգամ ևս ի ցույց ենք դնում մեր ամուր փոխգործակցությունը մարզի հետ, Սյունիքի ու նրա համայնքների հետ մեր ընդհանուր նպատակների շուրջ միասնական ջանքերն ու աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը», - ասաց բարձրաստիճան դիվանագետը։
Քրիստինա Քվինը նաև բարձր գնահատեց 2023թ․ սեպտեմբերին ԼՂ-ից տեղահանվածներին ընդունելու և նրանց կարիքներին առաջինը արձագանքելու՝ Սյունիքում կատարված մեծ աշխատանքը ու դրա համար շնորհակալություն հայտնեց պետական ու տեղական կառավարման մարմիններին և քաղհասարակությանը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց տոնն առաջին անգամ նաև Սյունիքում նշելու համար։ Նա շնորհավորանքի բարեմաղթանքներ հղեց դեսպանին ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ինչպես նաև բարեկամ ամերիկացի ժողովրդին՝ պետական կարևորագույն տոնի կապակցությամբ։
«Օրվա առիթով ուզում եմ անպայման հիշատակել ՀՀ անկախացումից մինչ օրս Սյունիքում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ամերիկյան այլ բազմաթիվ կազմակերպությունների կողմից իրականացված բազում սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական, մարդկային կապիտալի զարգացման ու գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող ծրագրերի մասին։ Դրանք փոփոխություններ են բերել մարզի ու նրա բնակիչների կյանքում։
Եվ, կարևորում եմ ու շնորհակալություն հայտնում նաև տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ Սյունիքում արտակարգ իրավիճակներին և տարբեր մարտահրավերների դիմակայելու գործընթացներում ԱՄՆ շարունակական աջակցության համար։ Մենք բարձր ենք գնահատում երկուստեք համագործակցությունն ու հաստատված ամուր գործընկերային, բարեկամական կապերը», - իր խոսքում ասաց մարզպետը։
Ռոբերտ Ղուկասյանը կարևորեց նաև ԱՄՆ աջակցությունը պետական ինստիտուտների, իրավական ոլորտի կայացման, պետական կառույցներում բարեփոխումների ու հատկապես Հայաստանում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործընթացում, որը շարունակելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը այսուհետ ևս ակնկալում է բարեկամ երկրի օժանդակությունը։
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց տոնական հյուրասիրությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16