Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
12.08.2024
Սիրելի՛ երիտասարդներ
Շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր՝ օգոստոսի 12-ին։
Այսօրվա տոնը համախմբում է ավագ դպրոցի աշակերտներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին, բոլոր նրանց, ովքեր դեռ պետք է կատարեն կյանքի ճանապարհի ընտրությունը, նրանց, ովքեր արդեն իրավունք ունեն հպարտանալու իրենց մասնագիտական ճանապարհի առաջին լուրջ ձեռքբերումներով և իհարկե բոլոր նրանց, ովքեր հոգով երիտասարդ են և կյանքում մշտապես նոր առաջընթաց են փնտրում։
Երիտասարդությունը բոլորիս կյանքում ամենահիանալի ժամանակն է, երբ բոլոր ճանապարհներն ու դռները բաց են, ու ամենակարևորը ձեր մեծ վճռականությունն է՝ հետևելու երազանքներին, նպատակներին ու կանգ չառնելու հերթական նվաճումից հետո: Այդ ձգտումը կարևոր է նաև մեծերիս համար․ չէ՞ որ այսօրվա երիտասարդների հաջողությունները ապագայում մեր տարածաշրջանի ու երկրի զարգացման, բարգավաճման գրավականն են։
Մեր մարզում վստահորեն ապրում ու արարում է ստեղծագործ, նպատակասլաց, նորարարության ձգտող երիտասարդների հրաշալի սերունդ․ ես տեսնում եմ, որ դուք անկեղծորեն սիրում եք մեր հայրենիքն ու հողը՝ այսօր ձգտելով մասնակցել նրա զարգացմանն ու վերափոխմանը, ճգնաժամային պահերին դառնալով նաև զինվոր ու կամավոր։
Իսկ մենք մեր առաջնային անելիքներից ենք համարում երիտասարդությանն աջակցելը։
Մենք պարտավոր ենք ապահովել լավագույն կրթություն ստանալու հնարավորությունը, աշխատելու և կատարելագործվելու, մասնագիտությունների արժանապատիվ ընտրության և հարմարավետ, ժամանակակից ապրելու միջավայր ունենալու հնարավորությունը:
Մենք նաև աշխատում ենք ձեզ համար ու ձեզ հետ՝ ակտիվորեն ներգրավելով տարբեր ծրագրերում, որոնց մեջ լուծումները լավագույնս հենց դուք կարող եք տեսնել։ Դա նաև կարիերայի աճ է և պատրաստված կադրերի ռեզերվ ապահովող գործոն։
Շնորհակալ եմ երիտասարդ սյունեցիներին՝ մեր մարզի ու երկրի ապագայի համար միասին աշխատելու մտահոգության, բարի կամքի ու մշտապես հնչող առաջարկների համար։
Մաղթում եմ, որ հասնեք այն բոլոր դրական նպատակներին, որոնց ձգտում եք։
Եվ թող մշտապես լրացվող գիտելիքներն ու երիտասարդական ոգևորությունը օգնեն ձեզ բոլոր բարի ջանքերում:
Հավատացեք ինքներդ ձեզ և գնացեք առաջ։