Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՋԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 66-ԱՄՅԱԿԸ
18.08.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է Քաջարան քաղաքի հիմնադրման 66-ամյակին նվիրված միջոցառումներին։
Օրն սկսվել է համայնքապետարանում հյուրերի ընդունելությամբ։
Այնուհետև, միջոցառումների մեկնարկը տրվել է հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցիների հիշատակին ծաղկադրումով, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և կոմբինատի ղեկավար կազմը, ՀՀ ԱԺ սյունեցի պատգամավորներ, մարզի համայնքների ղեկավարները, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության պաշտոնյաներ, քաղաքի հյուրերն ու բազմաթիվ քաջարանցիներ։
Տոնական հանդիսությունների շարքում այսօր քաղաքի Բաբիկավան թաղամասում, Տերյան և Բակունցի փողոցներում մարզադաշտեր ու խաղահրապարակներ բացվեցին։ Դրանք իրականություն են դարձել ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրերով, որոնց մասնակից է նաև Զանգեզուրի ՊՄԿ-ն։
Քաջարանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում, շնորհավորելով քաջարանցիներին, Ռոբերտ Ղուկասյանը փաստեց՝ Քաջարանը ծաղկող քաղաք է։
Ներկաներին շնորհավորեցին նաև Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
Մ․ Փարամազյանի կողմից գնահատանքի արժանացան Քաջարանի կյանքի տարբեր ոլորտներում ներդրում և վաստակ ունեցող բազմաթիվ քաջարանցիներ։ Համայնքի ղեկավարը խորհրդանշական նվեր հանձնեց նաև Սյունիքի մարզպետին։
Տոնակատարությունները քաղաքում շարունակվեցին մշակութային միջոցառումներով։