Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՔԱՋԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ
18.08.2024
Սիրելի՛ քաջարանցիներ
Շնորհավորում եմ Քաջարանի 66-րդ տարեդարձի կապակցությամբ։
Քաղաքի օրվա առիթով բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն, նորանոր ձեռքբերումներ, երջանկություն եմ մաղթում, իսկ մեր երկրի արդյունաբերական կարևորագույն կենտրոններից ու Սյունիքի գեղեցիկ քաղաքներից մեկին՝ Քաջարանին, բարգավաճում, մշտական առաջընթաց ու խաղաղություն եմ մաղթում։
Անգնահատելի է այս քաղաքի ու քաջարանցիների դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության, նրա զարգացման, մեր երկրի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրների լուծման, պետական բյուջեի գոյացման մեջ։ Տարիներ առաջ այն հիմնադրվել ու հետագայում կառուցվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ու նրա շնորհիվ և բնական է, որ ընկալվում է որպես «քաղաք-կոմբինատ»։ Շնորհավորանքս՝ նաև հանքարդյունաբերական հսկայի ողջ ղեկավար կազմին ու կոլեկտիվին։
Բայց Քաջարանն այսօր արդեն զուտ հանքարդյունաբերության կենտրոն չի դիտվում․ այստեղ տեսնում ենք օր-օրի զարգացող քաղաքային միջավայր, մարզական ու կրթական ակտիվ կյանք, մշակույթ ու ավանդույթներ՝ ստեղծագործ և ինքնաբավ մարդկանցով։ Քաջարանը, հիրավի, այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր ոք, ով ունի ցանկություն և տաղանդ, կարող է իրացնել իր ներուժը։ Պատահական չէ, որ այն դեպի իրեն է ձգում քաղաքացիների ՀՀ մյուս համայնքներից։ Իսկ աշխատասեր ու իրենց ծննդավայրի հողին ամուր կանգնած քաջարանցիները ստեղծում ու բազմապատկում են այն հաջողությունները, որ ժառանգել են նախորդ սերունդներից։
Այստեղ կա հույս և լավատեսություն վաղվա օրվա հանդեպ, անընդհատ ծրագրվող ու անպայման կյանքի կոչվող նախաձեռնություններ, որի հիմքն, իհարկե, յուրաքանչյուրիդ աշխատանքն է։
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Քաջարան։