Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԷՔՍՊՈ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

26.08.2024

 Օգոստոսի 26-ին նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ մարզկենտրոն Կապանում կայացավ 2024-2025 ուստարվա օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ՏՄՀԱ կենտրոնների տնօրենների և դպրոցների վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարինա Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Մերի Գանդալյանը, նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Կրթական միջոցառումներից առաջ հյուրերին ներկայացվեց Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրությունը՝ նվիրված Կապանում կրթական գործի կազմակերպման պատմությանն ու նվիրյալներին։
Այս տարի օգոստոսյան խորհրդակցություններին զուգահեռ առաջին անգամ կազմակերպվել էր նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ։
Ներկայացվել էին 28 դպրոցների նախագծային աշխատանքներ․ ցուցադրված ևս 2 նախագիծ կրթօջախներն իրականացրել էին համատեղ՝ միմյանց հետ ու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։
Նախարարի տեղակալն ու մարզային պատասխանատուները էքսպոյի շրջանակում ծանոթացան աշակերտների նախագծային աշխատանքներին՝ զրուցելով դրանց մանրամասների ու նորարարության մասին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2024թ․ «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթած տնօրեններին և ուսուցիչներին շնորհակալագրեր հանձնելուց առաջ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց էքսպոյի կազմակերպման համար։
«Անկեղծորեն նշեմ՝ 7-րդ մարզն է, որ շրջում ենք, այսպիսի էքսպո դեռ չէր եղել․ մենք միշտ ենք Սյունիք գալիս մեծ ակնկալիքներով ու երևի թե նաև Սյունիքն է պարտավորված զգում, որովհետև գիտեք, որ շատ բան ենք սպասում ձեզանից։ Շատ տպավորված եմ, շատ հետաքրքիր, ուսուցողական ու բազմազան էր», - նշեց նախարարի տեղակալը։
Նա հավելեց, որ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելիք «Տարվա լավագույններ» մրցույթը կանցկացվի ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում:
Խորհրդակցության ընթացքում ներկաներին նախ ողջունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ շնորհավորելով անցած ուստարվա ձեռքբերումների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի դրվատանքին արժանանալու համար։ Մարզպետի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց կրթօջախների ղեկավարներին ու կոլեկտիվներին՝ կատարած մեծ աշխատանքի համար, որն անցած տարի վերաբերել է ոչ միայն ուսումնական գործընթացին, այլև 2023-ի սպտեմբերին ստեղծված արտակարգ իրավիճակին մարզի դիմակայելուն և դժվարին աշխատանքների արժանապատվորեն կազմակերպմանը։
Արաքսիա Սվաջյանն ամփոփեց նախորդ ուստարվա արդյունքները, անդրադարձավ ներդրված նոր չափորոշիչների արդյունավետութանը, ամփոփիչ ավարտական ու միասնական քննություններին, բուհ ընդունվողների ցուցանիշներին։ ❗️Նշեց, որ կոնկրետ Սյունիքի մարզի 751 դիմորդների 77,6 տոկոսն ընդունվել է բուհեր, նրանցից անվճար հիմունքներով՝ 18,2 տոկոսը։
Փոխնախարարը խոսեց նաև առաջիկա տարվա նորությունների, առաջնահերթ անելիքների, իրավական նոր ակտերի, դասագրքերով ապահովման, ուսուցիչների ատեստավորման, դպրոցների կառավարման, ֆինանսավորման համակարգերի, լաբորատորիաներով ապահովման, «Դպրոցական սնունդ» ծրագրի ու ոլորտին առնչվող այլ հարցերի մասին։
Վերջում նախարարության ու ԿԶՆԱԿ-ի պաշտոնյաները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16