Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավը Սյունիքում
14.09.2024
Սեպտեմբերի 14-ին, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում, առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ-ի նախաձեռնած «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ։ Այն կազմակերպել էր մարզպետի աշխատակազմը՝ Սյունիքի կրթամշակութային հաստատությունների, համայնքապետարանների հետ համագործակցությամբ։
Կապանի, Մեղրու և Քաջարանի դպրոցականները միջոցառումներին մասնակցեցին մարզկենտրոնում, իսկ Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների աշակերտները՝ Գորիսում։
Կապանում «Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի» և «Կապանի երկրագիտական թանգարանի» համատեղ էքսպո-արշավի բացմանը ներկաներին ողջունեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Նա կարևորեց առաջին անգամ նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն դպրոցականներին մշակութային օջախներին կապելու խթան կդառնա։
Ի դեպ, երեկվա նախաձեռնությամբ բացվեց նաև Կապանի դրամատիկական թատրոնի 89-րդ թատերաշրջանը։
Սեղան-տաղավարներում կազմակերպվել էր ցուցադրություն և պատասխանատուները ներկայացնում էին մշակութային կազմակերպությունների գործունեությունը։
Կապանի թանգարանն անցկացրեց վարպետաց դաս՝ հնադարյան մագաղաթի և բրոնզեդարյան դաշույնի պատրաստում։
Կազմակերպվեց պանելային քննարկում՝ 150 աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ․ խոսնակներն էին մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը և արվեստի ու կրթության գործիչներ։
Էքսպոյի ընթացքում կազմակերպվել էին նաև խաղ-մրցույթներ, նկարների, երգի մրցույթներ, համերգային ծրագիր։
Գորիսում միջոցառումներին մասնակցում էին Ակսել Բակունցի տուն-թանգարանը, Սիսիանի երկրագիտական թանգարանը, «Զորաց քարեր» արգելոց-թանգարանը, Սիսիանի պատկերասրահը, Գորիսի երկրագիտական թանգարանը, Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Սերո Խանզադյանի տուն-թանգարանը։
էքսպոյի ընթացքում հնչում էին երաժշտական կատարումներ Գորիսի Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի աշակերտների, երգչախմբի և Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի համույթի անդամների կատարմամբ։