Տպել
Էքսպոյի նպատակն էր գագաթնաժողովին մասնակցող սփյուռքահայ գործարար շրջանակներին ներկայացնել ՀՀ մարզերի տնտեսական հնարավորությունները, խթանել սփյուռքի հետաքրքրված անհատների, գործարար խմբերի, սոցիալական ձեռներեցների և մարզերի իշխանությունների միջև կապերի հաստատումն ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համագործակցությունը։
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԷՔՍՊՈՅՈՒՄ
20.09.2024
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում սեպտեմբերի 20-ին անցկացվեց Հայաստանի մարզերի զարգացման հնարավորություններին նվիրված էքսպո, որում ներկայացված էր նաև Սյունիքի մարզը։
Մարզերն առանձին տաղավարներով գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրեցին իրենց ներդրումային հնարավորությունները, իսկ մարզային արտադրողներն` իրենց արտադրանքը:
Էքսպոյին զուգահեռ յուրաքնաչյուր մարզի ներկայացուցիչ հանդես եկավ առանձին սահիկաշար-զեկույցով: Սյունիքի մարզի ներդրումային հնարավորություններն ու առկա տնտեսական վիճակը ներկայացրեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։
Էքսպոյի նպատակն էր գագաթնաժողովին մասնակցող սփյուռքահայ գործարար շրջանակներին ներկայացնել ՀՀ մարզերի տնտեսական հնարավորությունները, խթանել սփյուռքի հետաքրքրված անհատների, գործարար խմբերի, սոցիալական ձեռներեցների և մարզերի իշխանությունների միջև կապերի հաստատումն ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համագործակցությունը։
Մեկօրյա էքսպոյին Սյունիքի մարզի մասնակցությունն ապահովել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժինը։
Սյունիքից իրենց արտադրանքն էին ներկայացրել հինգ տնտեսվարող՝ «ԷԼՈԼԱ» ՓԲԸ-ն՝ իր կաթնամթերքով, «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ-ն՝ պահածոյացված մուրաբաներով, «Սիսիան-ՇԻԿ» ՓԲԸ-ն՝ քարի արտադրությամբ․ ներկայացված են եղել նաև «Իստեյտ մենեջմենթ էնդ ադմինիսթրեյշն քամփընի» ՓԲԸ-ն (Տաթևեր ճոպանուղին) և «Թոնիր հարսանեկան գյուղ» մշակութային նախագիծը։
Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովն անցկացվում է սեպտեմբերի 17-20-ը՝ Երևանում:
Անվտանգության, կայուն զարգացման, համայնքների հզորացման և հայրենադարձության տարբեր ենթաշերտերին վերաբերող նիստերում ընդգրկված են 180 բանախոս և մոդերատոր 25 երկրից, մասնակցում է 1000 հյուր 60 երկրից՝ նպատակ ունենալով ապահովել սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի օրակարգային հարցերում, ինչպես նաև ծառայել որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ: