Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
07.10.2024
Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության և հանրակրթության նոր չափորոշչի կիրառմամբ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար Սյունիքի մարզպետի շնորհակալագրով այսօր մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներ են պարգևատրվել։
Ուսուցչի մասնագիտական տոնին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր Կապանի երկրագիտական թանգարանում․ այն իր մեջ խորհուրդ ուներ՝ համահունչ քայլել հայտարարված «Մշակութային կրթության տարվան»։
Ներկաներին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորեց ու կատարած աշխատանքի, նվիրումի համար շնորհակալություն հայտնեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։
Նա շնորհավորեց նաև մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանին՝ ՀՀ ԿԳՄՍՆ մեդալ ստանալու կապակցությամբ՝ նշելով, որ այն մարզի կրթական բնագավառի բոլոր աշխատակիցների ձեռքբերումն է․ «Դուք՝ այստեղ հրավիրվածներդ, Սյունիքի մարզի այն բազմաթիվ ուսուցիչների ներկայացուցիչներն եք, որ օգնել են մեզ ամբողջ տարվա հաջողություններին հասնելիս»։
Նշենք, որ այսօր պարգևատրվել են այն ուսուցիչները, որոնք հաջողություններ են գրանցել կրթական նոր չափորոշչի ներդրման ու կիրառման գործում, իրականացրել կրթական նախագծեր ու ներկայացրել դրանք առաջին անգամ կազմակերպված էքսպոյում։ Պարգևատրվողների շարքում էին նաև այս պահին աշխատող տարեց մանկավարժներ, ինչպես նաև Կապանի թիվ 9 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը․ նրա սաները 3-րդ տարին անընդմեջ լավագույնն են ու հաղթող ՀՀ վարչապետի գավաթի համար խճուղավազքի մրցաշարի հանրապետական փուլում։
Մարզի այլ համայնքներից ժամանած ուսուցիչներն այսօր նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրությանը՝ տնօրեն Ալյոշա Հայրապետյանի ներկայացմամբ։