Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ

07.11.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է Կապանում կազմակերպված «Հայաստան-Իրան. համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» փորձագիտական համաժողովին։
Միջոցառման բացմանը ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ի դեմս տնօրեն Գոռ Ծառուկյանի, համաժողովը հենց Սյունիքում անցկացնելու համար։
«Սրանով նաև կարևորվում է Սյունիքի մարզի դերը հայ-իրանական հարաբերություններում , - նշեց Ռոբերտ Ղուկասյանը։ - Այսօրվա քննարկումների թեմաները՝ քաղաքական, տնտեսական, պատմական, մշակութային ոլորտներն ընդգրկող, դարերի արմատներ ունեն մեր երկկողմ հարաբերություններում ու հենց այն հիմքն են, որի վրա մեր գիտական բնագավառի ներկայացուցիչները պետք է աշխատեն ու հայ իրանական հարաբերությունները նոր համագործակցային մակարդակ հասցնեն»։
Մարզպետը շնորհակալանքի խոսքեր ուղղեց նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին համատեղ ինտենսիվ աշխատանքի ու իրականացվող ծրագրերի համար։

Արդյունավետ աշխատանք մաղթելով աշխատաժողովին՝ Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ հենց նման հանդիպումների, քննարկումների որակից ու մասնագիտական գիտելիքների հիման վրա տրված մեկնարկից է կախված երկկողմ հարաբերությունների որակը։

Բացման խոսքով ներկաներին դիմեցին նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ փորձագիտական եռօրյա համաժողովը կազմակերպել էր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։
Միջոցառմանը մասնակցում էին Իրանի կառավարամերձ և ոչ պետական ուղեղային կենտրոնների 13 փորձագետներ և իրանական առաջատար լրատվամիջոցների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Կապանում կայացած աշխատաժողովում ներգրավված էին նաև իրանագիտական ոլորտում մասնագիտացած մի շարք գիտական կառույցների (ԵՊՀ, ԳԱԱ, Մատենադարան), ՀԿՏԿ ղեկավար և փորձագիտական կազմի ներկայացուցիչներ, հայաստանյան ԶԼՄ-ների լրագրողներ։
Միջոցառման նպատակներն էին իրանական փորձագիտական դաշտին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հավաստի տեղեկատվության փոխանցումը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջմղումը, երկու երկրների հարաբերությունների դեմ շրջանառվող ապատեղեկատվական հոսքերին հակազադումը, երկկողմ հարաբերություններում առկա բացերի ու համագործակցության հնարավորությունների վերհանումը։
Միջոցառման առաջին օրը մասնակիցները հանդիպումներ էին ունեցել ՀՀ կառավարությունում, ԱԺ-ում, ԱԽ-ում։
Երկրորդ օրը նրանք այցելել էին «ԶՊՄԿ» ՓԲԸ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ։
Երրորդ օրն արդեն Կապանում տեղի ունեցավ բուն աշխատաժողովը։
Բացման ելույթներից հետո հայաստանյան ու իրանցի գործընկերները տարբեր երեք թեմատիկ ուղղություններով քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, լսել միմյանց զեկուցումները երկուստեք հետաքրքիր թեմաների շուրջ, ունեցել համատեղ աշխատանք ու հետագա համագործակցության հեռանկարներ դիտարկել։
Զուգահեռ ընթացող քննարկումների երեք ուղղությունների թեմաներն էին․
1․ Քաղաքականություն և անվտանգություն․ Հայաստան-Իրան հարաբերություններն աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին,
2․Տնտեսություն և ենթակառուցվածքներ․ վեր հանելով հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարներն ու խոչընդոտները,
3․ Պատմություն և մշակույթ․ պատմամշակութային փոխառնչությունները՝ որպես կամուրջ Հայաստանի և Իրանի միջև։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16