Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

15.11.2024

 Այսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Ավստրիական զարգացման գործակալության և մարզի համայնքների միջև։

Այն վերաբերում է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի «Բաղադրիչ 2»-ին (Կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավում), որն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։
Այս բաղադրիչի շրջանակում ծրագրվում է Սյունիքի 7 համայնքներում իրականացնել 25 կայուն, կանաչ համայնքային ենթակառուցվածքների կառուցում կամ բարելավում՝ 1,91 միլիոն եվրո նախատեսված բյուջեով։
Այս պահին Սիսիան (90 կՎտ) և Տեղ (80 կՎտ) համայնքներում արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են։
Առաջիկայում նմանատիպ համակարգի տեղադրում է նախատեսվում Կապան քաղաքում, քննարկման և պլանավորման փուլում են համայնքների կողմից ներկայացված մի շարք այլ փոքր ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում և Տեղ գյուղում խմելու ջրամատակարարման համակարգի կառուցումը, Տեղ-Քարաշեն գյուղերը կապող ճանապարհի փողոցային լուսավորության համակարգի տեղադրումը, ինչպես նաև Խնձորեսկում գոյություն ունեցող ոռոգման համակարգի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի տեղադրումն ու Շաքի գյուղում վարչական շենքի և նոր մանկապարտեզի տարածքի վերանորոգումը։
Ծրագրերը նախատեսվում է իրականացնել առաջիկա 2 տարիների ընթացքում։
Իսկ ընդհանուր առմամբ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի (R2D Սյունիք) բյուջեն հինգ տարվա համար 11 մլն եվրո է։
Այսօրվա պաշտոնական միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «R2D Սյունիք» ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտան, Սյունիքի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի անդամներ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը միացած եվրոպական երկրներին ներդրումների համար, դիմեց համայնքների ղեկավարներին՝ խնդրելով հնարավորինս ակտիվ լինել ու միավորել ուժերը, որպեսզի արդյունավետ իրականացվեն նշված նախաձեռնության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերը, որովհետև դրանից է կախված լինելու ոչ միայն Սյունիքին ուղղված բյուջեի հետագա մեծացումը, այլև առաջին հերթին մարզի համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը։
«Շնորհակալություն արդեն մեկնարկած ծրագրի համար Ավստրիական զարգացման գործակալությանը, - ասաց Ռոբերտ Ղուկասյանը, - որը մեր լավագույն գործընկերներից է, և մենք ամեն ինչ կանենք, որ Սյունիքում իրականացվող ծրագրերի որակը համապատասխանի այն չափանիշներին, որ սահմանել են ՀՀ կառավարությունը և Եվրամիությունը»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59