Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐԱՆՈՒՄ Է ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՌԵԳԻՈՆԻ ՄԻՋԵՎ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍԿԶԲՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
20.11.2024
Մեկնարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի՝ Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կենտրոն Լիոն քաղաք, որտեղ անցկացվում է «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքը։
Առաջին աշխատանքային հանդիպումը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում էր։
ՀՀ-ից մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, մարզպետի աշխատակազմի անդամներ, մարզի վեց համայնքների ղեկավարները։
Միջոցառումները կազմակերպվում են Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վոքիեի նախաձեռնությամբ, ռեգիոնիալ խորհրդի աջակցությամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Լիոնում գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար՝ Լիոնում ՕՌԱ ռեգիոնալ խորհրդի կենտրոնատեղիում։
Այսօր և վաղը նախատեսված են պաշտոնական մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք սերտ կապերն ընդգծելուն ու ընդլայնելուն։
Դրանք ունեն չորս բաղադրիչ՝ տնտեսական, քաղաքական, ապակենտրոնացված համագործակցության և մշակութային։
_________________________________________________________________
«Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվել է Լիոնի Ֆուրվիերի մայր տաճար այցելությամբ, որտեղ Հայաստանի պատվիրակության անդամները շրջայց են կատարել ու ծանոթացել տաճարի պատմությանը։
Այնուհետև տեղի է ունեցել «Բարի գալստյան» պաշտոնական ընթրիք, որին մասնակցել են ֆրանսիական պատվիրակությունը՝ ռեգիոնի՝ միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Մյոնիեի (Philippe Meunier) և բնապահպանության ու էկոլոգիայի հարցերով փոխնախագահ Թիերի Կովաքսի (Thierry Kovacs) ղեկավարությամբ, հայկական պատվիրակության կազմը՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխնախարարներ Պարույր Հովհաննիսյանը, Վաչե Տերտերյանը, Արման Խոջոյանը, մարզի համայնքապետերը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները, ՀՀ-ում Ֆրանսիայի և Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանները, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը, տնտեսական համագործակցության դերակատարները և այլն: