Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԺՈՂՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ․ «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի»

22.11.2024

 Ֆրանսիայում ընթացող «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 21-ին Լիոնում տեղի է ունեցել «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրով համաժողովը։

--------------------------------------------------------------------
Համաժողովի բանախոսներն էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ անվտանգության հարցերով լիազոր նախարար, Վալանսի քաղաքապետ, ՕՌԱ ռեգիոնի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը, ՕՌԱ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Droite Républicaine» խմբակցության ղեկավար, ՕՌԱ-ի ռեգիոնալ խորհրդի հատուկ խորհրդական ու ռեգիոնի նախկին ղեկավար Լորան Վոքիեն։
Շուրջ 400 հոգու մասնակցությամբ քննարկմանը հատուկ հյուրի կարգավիճակով բանախոսել են նաև «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը և «Merieux» հիմնադրամի նախագահ Ալեն Մերիոն։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ ջերմ հյուրընկալության համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2023- սեպտեմբերի իրադարձություններին, որին անդրադառնալով՝ Սյունիքի մարզպետ նշել է․
«ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ընդունելու առաջին ու հիմնական պատասխանատվությունը Սյունիքինն էր, ու ընդամենը մեկ շաբաթում 120 հազար բռնի տեղահանվածի ենք դիմավորել և լուծել առաջին անհրաժեշտության խնդիրները․․․
Ամենակարևորը հենց ժողովրդի դիմադրողականությունն է, որը մեզ օգնել է հազարամյակներ շարունակ մնալ մեր հողում ու ապրել։
Այսօր Սյունիքի յոթ սյուները (համայնքներ) դարձել են ավելի ամուր՝ ՕՌԱ-ի քույր քաղաքների շնորհիվ կրկնապատկվել են ու 14-ն են․ սա էլ հենց այս ամենի բուն նպատակն է»։
Նախարար Նիկոլա Դարագոնը կառավարության անունից ողջունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև հաստատված և շարունակաբար զարգացող համագործակցությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ Լիոնում ընթացող միջոցառումները վկայությունն են այն անխախտ բարեկամության, որով կապված են հայ և ֆրանսիացի ժողովուրդները։ Նա շեշտել է նաև, որ Սյունիքը ՕՌԱ ռեգիոնի հետ համագործակցող առաջին մարզն է։
Օվերնյ-Ռոն-Ալպ նահանգի նոր ղեկավար Ֆաբրիս Պանկուքը հավաստիացրեց, որ նույն արդյունավետությամբ կշարունակվի այն բարեկամությունն ու համագործակցությունը, որ հաստատվել է մարզերի միջև պարոն Լորան Վոքիեի օրոք։
Քննարկումներն ընթացել են ինտերակտիվ եղանակով՝ հարցուպատասխանի ձևաչափով:
Բանախոսները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, առկա հումանիտար խնդիրները և այդ համատեքստում ընդգծել են համաժողովի՝ «Միասին՝ հանուն Սյունիքի անվտանգ և կայուն ապագայի» խորագրի ընտրության կարևորությունը։
Համաժողովին ներկա էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ՕՌԱ ռեգիոնի փոխնախագահներ, հայկական և ֆրանսիական համայքների ղեկավարներ, քաղաքական, հասակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի, հոգևոր դասի ներկայացուցիչներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:43:04