Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին Սիսիան համայնքում հողերի դեգրադացման կանխմանն առնչվող հարցեր
09.12.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացավ հանդիպում «Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի» ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Սիսիան համայնքում հողերի դեգրադացման կանխմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհդական Կարեն Բալյանը, մարզպետի աշխատակազմի՝ գյուղատնտեսության, առողջապահության, զարգացման ծրագրերի ոլորտների պատասխանատուները, հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Վահան Դավթյանը, ծրագրի խորհրդատուներ Ռուբեն Սարուխանյանն ու Արթուր Գոմկցյանը։
Հյուրերը ներկայացրեցին հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը` դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի մաս է։
Հիմնադրամի ներկայացուցիչները խոսեցին մարզում և մասնավորապես Սիսիան համայնքում նախատեսվող աշխատանքների մասին, քննարկվեցին աշխատանքների ընթացքում մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության հնարավորությունները։