Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ 2025-Ի ԱՌԱՋԻՆ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
12.01.2025
Հունվարի 12-ին Սիսիան համայնքից Հայոց բանակ ծառայության ճանապարհեցին այս տարվա ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին։
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը Սյունիքում մեկնարկել է հունվարի 8-ին, երբ Գորիսից ՀՀ զինված ուժերում ծառայելու մեկնեցին առաջին հավաքի մասնակիցները։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ներկաներին այսօր ողջունել է մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, բարի երթ մաղթել զորակոչիկներին։
Նա մասնավորապես նշել է․
«Եթե նախկինում մենք նախորդ սերնդի հերոսական ուղին էինք ներկայացնում ու օրինակ բերում մեր զորակոչիկներին, այժմ նրանց համար հենց իրենց սերնդակիցների, իրենց կողքին ապրողների, ավագ ընկերների կողմից հայոց պետականության համար գոյապայքարում կատարած հերոսություններն են ոգեշնչման աղբյուր ու օրինակ։
Սիրելի՛ նորակոչիկներ, հիշեք, որ պարտք ունեք նրանց առջև ու պարտավոր եք ձեր նվիրված ծառայությամբ հզորացնել մեր բանակը, ապահովել այստեղ ձեր հարազատների խաղաղ կյանքը։ Չվհատվե՛ք դժվարություններից, եղե՛ք կամքով արի, հոգով ուժեղ, եղե՛ք կարգապահ ու պատասխանատու։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու մարզային իշխանության ներկայացուցիչների անունից բոլորիդ ցանկանում եմ անվտանգ ու ապահով ծառայություն, ամենակարևորը՝ խաղաղություն մեր երկրին, ձեզ այստեղ սպասողներին՝ համբերատարություն ու լավատեսություն։
Բարի՛ ծառայություն ամենքիդ»։
Բանակ մեկնող տղաներին ճանապարհելու էին եկել նաև համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Սյունիքի մարզի զինվորական կոմիսարը, այլ հյուրեր, ծնողներն ու հարազատները։