Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐ ՇՈՒՆՉ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
30.01.2025
Հունվարի 29-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարի, մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոյի և Ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության հարցերով կցորդ Էմի Ֆոժանեի հետ այցելել է Սյունյաց մեծ անապատ (Հարանց անապատ):
Այստեղ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրի շրջանակում բարեկարգվել ու անցանելի է դարձել դեպի մշակութային հոգևոր կոթող տանող ճանապարհը։ Ավարտվում է նաև տարածքով անցնող՝ Որոտան գետի վրա կամրջի կառուցումը։
Հյուրերի հետ էր նաև Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։ Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, տեխնիկապես աջակցում՝ Տաթևի համայնքապետարանը։
Առաջիկայում դրա շրջանակներում ճարտարապետական այս համալիրում պեղումներ, չափագրման ու ամրակայման աշխատանքներ կիրականացվեն։
Սյունյաց մեծ անապատը Սյունիքի վաղագույն մենաստան-անապատներից է, կառուցվել է 17-րդ դարի սկզբներին, եղել կրոնական, կրթական և մշակութային կենտրոն։
Ըստ Լեոյի՝ Հալիձորի Հարանց անապատը եղել է նաև «իբրև նախատիպ այն վանական հիմնարկության, որ հարյուր տարի հետո հաստատեց Մխիթար Սեբաստացին Վենետիկի կղզիներից մեկի վրա»: