Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅԳԻՆԵՐ, ՋԵՐՄՈՑՆԵՐ, ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ
04.02.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն փետրվարի 3-ին այցելել են մարզի Կապան համայնքի Շիկահող, Ներքին Հանդ և Ծավ գյուղական բնակավայրեր՝ դիտարկելու WFP-ի՝ մարզպետի աշխատակազմի հետ փոխգործակցությամբ այստեղ իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները, հանդիպելու շահառուների հետ, քննարկելու արդյունավետությունը։
Մասնավորապես, նրանք Շիկահողում այցելել են ազնվամորու այգի և կարճ քննարկում ունեցել ծրագրի այլ շահառուների հետ․ նշենք, որ այս գյուղում ընդհանուր առմամամբ ազնվամորու 15 այգի է հիմնվել՝ ապահովված կաթիլային ոռոգման համակարգով, շահառուներին նաև մրգի չորացման համար չորանոցներ են տրամադրվել։
Ներքին Հանդում այցելությունը եղել է ջերմոցներ տեղադրված տնային տնտեսություններ․ ծրագրով այստեղ ընդհանուր 10 ջերմոց է տեղադրվել՝ յուրաքանչյուրը՝ 100 քմ մակերեսով․ որոնք նույնպես ստացել են կաթիային ոռոգման համակարգեր։
Այս գյուղերում նաև համայնքային կարիքների համար արևային էներգիայի վահանակներ են տեղադրվել։
Ռոբերտ Ղուկասյանն ու Նաննա Սկաուն եղել են «Սոսու պուրակ» արգելավայրի տարածքում, Ծավի լավաշի արտադրամասում, որի տանիքը ևս վերանորոգվել է WFP-ի աջակցությամբ, առաջիկայում կազմակերպությունը արտադրամասի զարգացման համար այլ աջակցություն էլ է նախատեսում։
Մարզպետն իր գոհունակութունն ու շնորհակալությունն է հայտնել միջազգային գործընկերոջը՝ սերտ համագորակցության ու սահմանամերձի բնակիչներին ուղղված ծրագրերն իրագործելիս մարզպետի աշխատակազմի ներկայացրած կարիքներն ու առաջարկները հաշվի առնելու համար։
Այսօր պաշտոնյաները կշարունակեն շրջայցը մարզում։