Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
05.02.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն փետրվարի 4-ին աշխատանքային շրջայցը շարունակել են Մեղրիում։ Նրանց ուղեկցում էին Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, մարզպետի աշխատակազմի ու WFP-ի ներկայացուցիչներ։
Մեղրու Ալվանք գյուղում դիտարկվել է միջնակարգ դպրոցի 500 քմ հարակից տարածքում WFP-ի աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգին՝ որն ապահովված է նաև կարկտապաշտպան ցանցերով ու կաթիլային ոռոգման համակարգով։ Դպրոցում նաև արևային էներգիայի վահանակներ են տեղադրվել։
Նռնաձորում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանն ու Նաննա Սկաուն ներկայացրել են երկկողմ համագործակցությամբ այստեղ կյանքի կոչված ծրագրերն ու առաջիկայում նախատեսված աշխատանքը։ Նռնաձորում ևս ՄԱԿ ՊՀԾ-ի միջոցներով կաթիլային ոռոգում է ապահովվել այգիների մի մասի համար։
Ի դեպ, միջազգային այս կազմակերպության աշխատանքի արդյունքում Սյունիքում 337 փոքր տնտեսություն արդեն իսկ կաթիլային ոռոգման համակարգ է ստացել, և ընդհանուր 121,5 հա այս տեխնոլոգիայով ոռոգելի է դարձել։
Հյուրերն այցելել են նաև 150 հա հողատարածք, որը մարզպետի աշխատակազմի՝ ՀՀ կառավարության հետ հետևողական աշխատանքի արդյունքում տարիներ անց վերջապես հատկացվել է Նռնաձորի գյուղացիական կոլեկտիվին․ այն կենսական նշանակություն ունի սահմանամերձ գյուղի տնտեսության զարգացման համար։
«Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը կոոպերատիվին արքայանարնջի ու սալորի տնկիներ է տվել, հողային աշխատանքների նախապատրաստման դեպքում նաև մեմբրանային ջրամբար կտեղադրի։
Ռոբերտ Ղուկասյանն ու Նաննա Սկաուն գործընկերների հետ խորհրդանշական նռան ծառեր տնկեցին այստեղ։ WFP-ի հետ քննարկվեցին նաև այգիները կաթիլային ոռոգման համակարգով ապահովելու ծրագիրն ու տարածքի կենսունակությանը նպաստող հնարավոր այլ աջակցությունը։
Շրջայցի վերջին կանգառը Շվանիձորն էր, որտեղ WFP-ի ներդրումով դպրոցում ինտենսիվ այգի ու ագրիվոլտանիկ համակարգ է հիմնվել, իսկ բնակիչները կաթիլային ոռոգման համակարգ են ստացել։
—————————————————————————
Երեկվա այցի ընթացքում Սյունիքի մարզպետը ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրով Նռնաձորում մեկնարկած՝ ՆՈՒՀ-ի կառուցման շինաշխատանքներին։
Մեկ այլ դիտարկված ծրագրով, որն այս պահին ընթանում է նաև Նռնաձորում, Մեղրի համայնքի 11 գյուղերում մշտապես բնակվող բոլոր 556 տնային տնտեսություններում նոր պատուհաններ են տեղադրվում։ Աշխատանքներն իրականացվում են Գերմանական KFW բանկի կողմից ֆինանսավորվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի շրջանակում, որի գործադիր մարմինը ՀՀ ՇՄ նախարարությունն է։