Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԻԻՀ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ
10.02.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Սուրեն Քեսեջյանն ու մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ փետրվարի 8-ին մարզկենտոնում մասնակցել են Կապանում ԻԻՀ հյուպատոսության կազմակերպած՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։
Միջոցառմանը մասնակցում էին Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, Կապան, Քաջարան, Մեղրի համայնքների ղեկավարները, հոգևոր այրեր, ուժային կառույցների ղեկավարներ, հյուրեր։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով բարեկամ Իրանի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ Հայկ Հարությունյանը մասնավորապես նշել է․
«Հայաստանի Հանրապետության ու հատկապես Սյունիքի մարզի համար առանձնակի կարևորություն ունեն մեր հարևան ու բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք ամրացել են դարերի պատմությամբ, ջերմ ու անսասան են ներկա օրերում, հիմնված են վստահության վրա։
Մենք տեսնում ենք երկկողմ ջանքերը այս ամենը պահպանելու, փոխշահավետ բարեկամության ու համագործակցության հաստատուն ընթացքն ապահովելու և առավել զարգացնելու ուղղությամբ։
Մեր երկրների հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի ՀՀ Սյունիքի մարզը, հատկապես՝ Կապանը, որտեղ 2022-ից գործող ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը նոր թափ է հաղորդել ի շահ հայ ու իրանցի ժողովուրդների իրականացվող քաղաքականությանը, նաև՝ ամենատարբեր ոլորտներում կյանքի կոչվող ծրագրերին։
Անցած տարի, օրինակ, բացի տնտեսական, կրթական ու մշակութային նախաձեռնություններից, ականատես եղանք Կապանում կազմակերպված բացառիկ հայ-իրանական գիտաժողովին։ Այսօր նաև ՀՀ ճանապարհաշինական ամենախոշոր ծրագրում Սյունիքում տեսնում ենք իրանցի ճանապարհաշինարարների անուրանալի դերակատարումը։
Բոլորիս համար տեսանելի է տարբեր մակարդակներում Հայաստան - Իրան մեծ տեմպերով զարգացող համագործակցությունը՝ ամենաբարձր մակարդակներից մինչև ապակենտրոնացված փոխգործակցության հարթություն, և համոզված եմ, որ դրանք տարեցտարի առավել կընդլանվեն՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:
Վերստին շնորհավորում եմ ձեզ ու բարեկեցություն, ձեռքբերումներ և արգասաբեր աշխատանք մաղթում, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ խաղաղություն ու շարունակական զարգացման ուղի»։
Ազգային տոնի կապակցությամբ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը նաև պաշտոնական ընթրիք էր կազմակերպել։