Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՑՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ

21.03.2025

 Մարտի 20-ին Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բացվեց առաջին անգամ անցկացվող՝ Կապանի կամերային ներկայացումների փառատոնը, որը կազմակերպվել է թատրոնի 90-ամյակի շրջանակներում, բայց հավակնում է դառնալ ամենամյա։

Փառատոնն իրականություն է դարձել Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կապանի դրամատիկական թատրոնի նախաձեռությամբ՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ։
Բացման արարողությանը ներկա էին նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով ներկաներին փառատոնի մեկնարկի ու թատրոնի 90-ամյակի կապակցությամբ՝ Հայկ Հարությունյանը նշեց, որ առանց Կապանի թատրոնի անհնար է պատկերացնել մարզկենտրոնի մշակութային կյանքը:
«Կամերային ներկայացումների փառատոնը, հիրավի, նոր շունչ է բերում ոչ միայն Սյունիքի մարզի, այլև հանրապետության թատերական կյանքին։ Ուրախ ենք Սյունիքում հյուրընկելել այսքան տարբեր թատերական կոլեկտիվներ, որոնց խաղին կապանցի հանդիսատեսը միշտ սպասում է, և որոնք առաջիկա օրերին քաղաքի մթնոլորտը արվեստասերների համար կլցնեն յուրօրինակ գույներով: Շնորհակալությո՛ւն փառատոնը նախաձեռնողներին, կազմակերպիչներին, աջակիցներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն նրա կայացման մեջ», - ասաց Սյունիքի մարզպետի տեղակալը։
Փաստելով, որ բոլոր քաղաքները չէ, որ վայելում են թատրոն ունենալու բարեբախտությունը, իսկ նրա 90-ամյա ուղին ու անցած ճանապարհը խոսում է նաև Կապանի՝ որպես մշակութային արժեքներ ու ավանդույթներ ունեցող, մշակույթը գնահատող ու սիրող քաղաքի պատմության մասին՝ Հայկ Հարությունյանը մաղթեց․
«Թո՛ղ որ մեր սիրելի թատրոնի, նրա անձնակազմի հետագա ուղին լինի հարատև, բազում ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում ձեզ և հանդիսատեսի չմարող սերն ու ծափողջույնները, նաև՝ ճանաչելիություն ոչ միայն Կապանից, այլև Հայաստանից դուրս բեմերում։ Թո՛ղ ձեր յուրաքանչյուր բեմելը լինի սպասված և անցնի լեփ-լեցուն դահլիճներում»:
Երեկ փառատոնի առաջին օրը բեմում Կապանի դրամատիկական թատրոնն էր՝ «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ։
Մինչև մարտի 26-ը կապանցի հանդիսատեսը հնարավորություն ունի հանրապետության տարբեր թատրոնների կամերային ներկայացումներ դիտել, իսկ մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, Կապանում կկայանա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 17:37:22