Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ԱՐՏԱՎԱԶԴ - 2025» - Ը՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
28.03.2025
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Այն այս անգամ անցկացվեց Երևանից դուրս՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու «ԶՊՄԿ» ՓԲԸ աջակցությամբ՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակի շրջանակներում։
Սյունիքի մարզկենտրոնում կազմակերպված մեծ հանդիսությանը ներկա էին մարզպետի աշխատակազմի, Զանգեզուրի ՊՄԿ ղեկավարությունը, մարզի համայնքների, ուժային կառույցների ու պետական այլ մարմինների ղեկավարներ, Հայաստանում գործող բազմաթիվ թատրոնների ու թատերախմբերի ներկայացուցիչներ։
ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարևորեց մայրաղաքաքից դուրս «Արտավազդը» կազմակերպելը, որին նախորդել էր Կապանի կամերային ներկայացումների անդրանիկ փառատոնը․ նա այս ամենի համար շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին ու հովանավորին։
Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորեց թատերական գործիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և ողջունեց մրցանակաբաշխության անցկացումը Սյունիքում։ Նա մասնավորապես նշեց․
«Համոզված եմ՝ այստեղից կմեկնեք ոչ միայն թատերական օրն ու նրա շունչը մտապահած, այլև սյունիքյան վառ տպավորություններով, որն այստեղ կրկին վերադառնալու մղում կդառնա։
Պատահական չէ «Արտավազդն» այսօր մեզ մոտ հյուրընկալելը։ Սյունիքը թատերական ավանդույթներով, թատրոնը սիրող ու գնահատող մարզ է, վկան՝ Կապանի դրամատիկական թատրոնի բուռն գործունեությունն ու 90-ամյա պատմությունը։
Թատրոնի հանդեպ սերը Կապանում փոխանցվել է սերնդեսերունդ, և այսօրվա թատրոնի կազմը ևս դրա ապացույցն է․ այստեղ միահյուսվում են ավագ սերնդի փորձը, ավանդույթներն ու տաղանդը և երիտասարդական նորարարությունը։
Համոզված եմ, որ կշարունակեք ուրախացնել հանդիսատեսին ձեր աշխատանքով և ինքնատիպ գաղափարներով։ Ի վերջո, թատրոնը բոլորիս թույլ է տալիս տեսնել այն, ինչը երբեմն չենք նկատում առօրյա կյանքում»։
Հայկ Հարությունյանը Սյունիքի մարզպետի կողմից նաև շնորհակալագրեր հանձնեց կամերային ներկայացումների փառատոնի մասնակից ՀՀ թատրոններին, նաև՝ հոբելյանական տարվա կապակցությամբ շնորհակալագրեր ու անվանական հուշանվերներ՝ Կապանի դրամատիկական թատրոնում վաստակ ունեցող աշխատակիցներին։
Թատերական գործիչների միությունը ևս դիպլոմներ, ոսկե մեդալներ շնորհեց Կապանի թատրոնի ներկայացուցիչներին, իսկ կայացած դեբյուտի համար՝ ՀՀ տարբեր թատրոնների երիտասարդ դերասաններին։
Այս տարվա Մեծ «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Կապանի ԴԹ-ի տնօրեն Տիգրան Աթայանին՝ Կապանի թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և կամերային ներկայացումների փառատոնի հիմնադրման համար։ Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ ստացան նույն թատրոնի դերասաններ Նատալյա Բաղդասարյանը և Արտավազդ Գրիգորյանը։
Երեկոն ամփոփվեց տարբեր անվանակարգերում 2025-ի «Արտավազդ» մրցանակների հանձնման արարողությամբ, իսկ ընթացում տեսաֆիլմերի միջոցով հանդիսատեսը ծանոթացավ Կապանի թատրոնի 90-ամյա գործունեությանը։