Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԵՂՈՒՄ
09.04.2025
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որն արտագնա էր ու անցկացվեց Տեղ համայնքում՝ ընդլայնված ձևաչափով։
Այն վարում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նիստին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների, ինչպես նաև պետական այլ կառույցների մարզային ստորաբաժանումների պատասխանատուներ։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր 2024թ․ առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքին ու ցուցանիշներին, որոնց մասին զեկուցեց մարզպետի աշխատակազմի Ֆինանսական վարչության պետ Մարինե Աբգարյանը։
Ըստ այդմ՝ մարզի համայնքների բյուջեներով 2025թ․ առաջին եռամսյակում նախատեսված 923 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքվել է 802 մլն դրամ, կամ՝ նախատեսվածի 86,9 %-ը, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 8,7 %, բացարձակ թվով` 64,4 մլն դրամ:
Սեփական եկամուտները 5 հարկատեսակների գծով նախատեսված 644 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 538 մլն դրամ, կամ՝ նախատեսվածի 83,5%-ը․ աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 10,1 %:
Մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոբերտ Կոստանդյանը ներկայացրեց Սյունիքում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները։ Նա նշեց, որ մարտի առաջին տասնօրյակից մարզի ցածրադիր գոտիներում արդեն սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ 2024թ․ նույն ցանքային շրջանում ցանված 573 հա գարնանացանի համեմատ ներկա դրությամբ մարզում կատարվել է 1449,9 հա գարնանացան, որն անցած տարվանից ավելի է 876,9 հեկտարով։
Նիստի օրակարգային վերջին հարցի մասին խոսեց մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Մուշեղ Կոստանդյանը։
Նա փաստեց, որ մարզպետի աշխատակազմի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում Սյունիքի համայնքներում հողօգտագործման և ընդերքօգտագործման բնագավառում մի շարք խնդիրներ են հայտնաբերվել։ Օրինակ, պարզվել է, որ մարզի տարածքում առկա են տարածքային տեղադրվածություններ (հիմնականում գետերի հուներում), որտեղ պարբերաբար կամ անկանոն ձևով իրականացվում է ընդերքի ինքնակամ շահագործում:
Ուսումնասիրելով նույն տարածագնահատման գոտում գտնվող հողամասերի օտարման մեկնարկային գները, պարզվել է, որ շատ դեպքերում դրանք տարբերվում են միմյանցից, կամ իրականացված 342 կտոր հողամասի աճուրդներից 192-ի դեպքում մասնակցել է ընդամենը մեկ մասնակից․ վերոնշյալ օրինակները կարող են պարունակել կոռուպցիոն ռիսկեր:
Քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտիներում խնդրահարույց կառուցապատումների վերաբերյալ խոսելիս՝ պարոն Կոստանդյանը նշեց, որ նման դեպքերը հիմնականում տեսանելի են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող տարածքներում ու առաջարկեց այս առումով խիստ հսկողություն սահմանել և բացառել ինքնակամ ցանկացած գործունեություն:
------------------------------------------------------------
Այսօրվա նիստում քննարկված ոլորտների, վերահսկողության բարձրացման ու խնդիրների լուծման վերաբերյալ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մի շարք հանձնարարականներ տվեց։
Մարզի խորհրդի նիստում քննարկվեցին այլ հարցեր ևս։
Նիստի ավարտից հետո մասնակիցները ծաղկադրում կատարեցին Տեղի հավերժության պուրակում։