Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
22.04.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) ներկայացուցչի պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։
Մարզպետը ողջունել է տիկին Սանդրիի առաջին այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել UNHCR-ին՝ Սյունիքում իրականացված ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համար, հատկապես այն աջակցության, որ տրամադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին ընդունելու գործընթացում։
Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և համագործակցության համար ու ներկայացրել այն հիմնական ռազմավարությունը, որով առաջնորդվում են իրենց առաքելության իրագործման ընթացքում։ Ըստ այդմ՝ բացի նրանից, որ ՄԱԿ ՓԳՀ-ն ապահովում է պատրաստվածությունն ու արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքները հոգալու, հումանիտար օգնության տրամադրման առումով, գործունեության հիմնական ուղղվածությունը նաև աջակցությունն է այն համայնքներին, որ հյուրընկալել են տեղահանվածներին։ Նախատեսվող ծրագրերը նպատակ ունեն աջակցել տվյալ բնակավայրերի ընդհանուր զարգացմանը, որպեսզի հնարավորինս կայուն ապահովվի տեղահանվածների ինտեգրացիան ու ներառումը բնականոն կյանքում։
Ռոբերտ Ղուկասյանը սերտ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել, նաև նշել այն առաջնահերթությունները, որոնք ըստ մարզային իշխանության կարևոր են՝ տեղահանվածներին ուղղված ծրագրերի մշակելիս։
Կողմերը համաձայնեցրել են այն մոտեցումները, որոնք աջակցության ծրագրերն առավել արդյունավետ ու թիրախային կդարձնեն։