Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՕՐ՝ ԳՈՐԻՍՈՒՄ
27.04.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 26-ին Գորիսում մասնակցել է տարաբնույթ միջոցառումների շարքին, որը կազմակերպել էր համայնքապետարանը և քաղաք բերել բազմաթիվ հյուրերի։
Օրը մեկնարկեց Գուսան Աշոտի հուշարձանին ծաղկադրմամբ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, մարզի այլ համայնքապետերի ու հյուրերի հետ։
Առավոտյան Գորիսի կենտրոնական հրապարակում սկսվել էր «ՀՀ Սյունիքի մարզպետի գավաթ» բազկամարտի Սյունիքի մարզի բաց առաջնությունը, որը ձգվեց մինչև երեկո։ Դրան մասնակցեցին 100-ից ավելի մարզիկներ՝ Սյունիքի տարբեր համայնքներից։
Երկու տարիքային խմբերում ու 5 քաշային կարգերում առաջին, երկրորդ, երրորդ տեղեր նվաճած մրցանակակիրները պարգևատրվել են համապատասխանաբար 100 հազար, 70 հազար և 50 հազար դրամով։
Մրցանակները հաղթողներին է հանձնել Ռոբերտ Ղուկասյանը։
Գորիսում առաջին անգամ կազմակերպվել էր նաև «Գուսանական երգի փատատոն», և այդ համատեքստում քաղաքի տարբեր անկյուններում թևածում էր գուսանական երգ-երաժշտությունը՝ տարբեր համույթների կատարմամբ։ Նախատեսվում է փառատոնն ամենամյա դարձնել՝ Գորիսը վերածելով գուսանական երգի կարևոր կենտրոններից մեկի։
Գորիսում երեկ սոցիալական տուն բացվեց․ հանդիսավորությամբ բնակարանների բանալիներ հանձնվեցին 18 ընտանիքի։ Նրանք բնակարանային խնդիրներ ունեցող տարբեր խավերի գորիսեցի ընտանիքներ են ու նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներ։
Միջոցառումներով հարուստ օրը Գորիսում եզրափակվեց «Գուսանական երգի փառատոնի» եզրափակիչ գալա-համերգով։