Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ» ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

21.05.2025

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 20-ին «Վերջին դաս» միջոցառմանն ընդառաջ հրավիրել էր խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, վարչատնտեսական համակարգողների, ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժինների ու պարեկային ծառայութան ներկայացուցիչների մասնակցությամբ․ ներկա էին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի կրթության ոլորտի պատասխանատուները։

Քննարկման հիմնական առանցքը «Վերջին դաս» միջոցառումն էր, դրա անվտանգ ու նաև, ըստ այս տարվա պահանջի, մշակութային բովանդակությամբ անցկացումը։
Ռոբերտ Ղուկասյանը նախ շնորհակալություն հայտնեց կրթօջախների ղեկավարներին՝ անցնող ուստարում կատարած աշխատանքի, գրանցած հաջողությունների համար։
Քննարկելով հանդիպման հիմնական թեման՝ մարզպետը նշեց, որ բոլոր ներկաները համատեղ պետք է ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի շրջանավարտների գեղեցիկ միջոցառումներին միջադեպեր չգրանցվեն, ու դպրոցները լավ տրամադրությամբ ճանապարհեն աշակերտներին։
ՆԳՆ ներկայացուցիչները խոսեցին այն միջոցառումների ու խստացված ծառայության մասին, որ կձեռնարկվի «Վերջին դասի» օրերին, որի համար ակնկալում են նաև սերտ համագործակցություն տնօրենների հետ։
Ռոբերտ Ղուկասյանը հընթացս խոսեց նաև այն բացասական բարքերի ու երևույթների մասին, որ կարող են թափանցել կրթօջախներ, անդրադարձավ անհրաժեշտ կանխարգելման ու վերահսկման մեխանիզմներին և խնդրեց տնօրեններին լինել առավելագույնս զգոն, կասկածելի կամ անհանգստացնող դեպքերի մասին անմիջապես դիմել ոստիկանություն։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, փաստելով, որ անցնող ուստարին արդյունավետ էր ու արգասաբեր, նշեց արձանագրված որոշ ձեռքբերումներ, որոնցից ամենաուշագրավներն են․
-այս ուսումնական տարում մարզում ընթանում են 27 դպրոցների նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք կարևոր ներդրում են կրթության որակի բարելավման գործում,
-մարզում 89 դպրոցի կամավոր ատեստավորում անցած 364 ուսուցիչ 2025թ․ դրությամբ ստանում է բարձր աշխատավարձ,
-դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցության իրավունք էր ստացել սյունեցի 74 աշակերտ․ նրանցից 37- ը (14 դիպլոմ, 23 գովասանագիր) արժանացել է մրցանակային տեղերի,
-Սյունիքը մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման վարկանիշային գնահատման արդյունքներով ՀՀ-ում զբաղեցրել է 2-րդ տեղը, որի արդյունքում ստանալու է 5 միլիոն դրամին համարժեք մարզական գույք, որը տրամադրվելու է այն կրթօջախներին, որոնք հանրապետական տարբեր մրցաշարերում ներկայացրել են մարզը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-23 17:22:35