Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.05.2025

Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս մեր պատմության ամենանշանակալի տոներից մեկի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, որը նշում ենք այսօր։
Հայաստանի առաջին հանրապետությունը, որը ծնվեց Մայիսյան հերոսամարտերում, մեզ համար դարձավ պետականություն ունենալու վեհ ու դարերով երազած նպատակի իրագործման հիմնաքարը։ 1918 թվականի մայիսը հայ ժողովրդի անպարտելի ոգու, ազատության համար պայքարի խորհրդանիշն է, ու այդ դժվարին և վճռորոշ օրերին, մեր պապերը կարողացան ոչ միայն դիմանալ ու հաղթել, այլև ինքնիշխան հայկական պետականություն ստեղծել։ Այն մեզ սովորեցրեց, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում միասնությունը և հայրենի հողի համար զոհաբերությունը, վճռականությունը կարող են հանգեցնել ազատության։ Մենք հպարտանում ենք այդ հաղթանակներով ու Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսների անուններով։
Տոնը հիշեցնում է նաև սրբազան պարտականության մասին մեր երկրի նկատմամբ՝ ամրապնդել և զարգացնել Հայաստանը, պահպանել նրա անկախությունն ու ինքնիշխանությունը, հոգատարությամբ վերաբերվել ազգային արժեքներին և պատմական հիշողությանը։
Թո՛ղ Մայիսի 28-ը դառնա առիթ՝ վերահաստատելու մեր միասնական կամքը, հայրենասիրությունը և պատրաստակամությունը՝ կառուցելու ուժեղ, ապահով և անվտանգ Հայաստան։
Շնորհավո՛ր Հանրապետության տոնը, խաղաղություն, առողջություն, ապագայի հանդեպ վստահություն և բարեկեցություն եմ մաղթում բոլորիդ։