Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիսում մեկնարկել է Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

02.06.2025

 Այսօր առավոտից Գորիսում մեկնարկել է Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը։

Հերթական (5-րդ) համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:
Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:
Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, Էկոնոմիկայի, ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետի աշխատակազմը, ԱԺ պատգամավորներ, հյուրեր ՀՀ այլ մարզերից ու համայնքներից:
Համաժողովի բացմանը ելույթ են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Էմին Երիցյանը, Լիոնի քաղաքապետի տեղակալ, Ֆրանսիայի միավորված համայնքների «Հայաստան» խմբի նախագահ Սոնիա Զդորոֆցովը:
Համաժողովը համատեղ կազմակերպել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Ֆրանսիայի միավորված համայնքները, Սյունիքի մարզպետի աշխատակազմը, Գորիսի համայնքապետարանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-24 15:44:03