Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպայի» 2024 թ․ Սյունիքում կատարած աշխատանքը
20.06.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացած ամենամյա աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի, ՀՀ-ում ԵՄ մի շարք երկրների դեսպանների, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաների, մարզի համայնքների ու միջազգային գործընկերների մասնակցությամբ ամփոփվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում 2024 թվականին կատարված աշխատանքը։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ողջունելով բոլորին Սյունիքում, նշեց, որ 2023-ի հունվարից մեկնարկած նախաձեռնության օրակարգն անփոփոխ է՝ դիմակայուն Սյունիք ունենալը։
«Մեր բոլոր կողմերի գործընկերների հետ արդեն հաջողություններ ենք գրանցել, ու վստահ եմ՝ սերտ համագործակցության արդյունքում հասնելու ենք միասին սահմանած նպատակներին։ Շնորհակալ եմ բոլորիդ այստեղ գտնվելու համար, որովհետև նախաձեռնությունը ծառայում է Սյունիքի շահերին, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը»։
Ռոբերտ Ղուկասյանը նաև հավելեց, որ թե՛ մարզային իշխանությունը, թե՛ մարզի բոլոր համայնքները պատրաստ են ավելի արագ տեմպով աշխատանքների։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով հաճախ տրվող հարցին, թե ինչու են ներդրումներ անում Սյունիքում, նշեց․ «Սյունիքը կարևոր է հայ ժողովրդի, ՀՀ կառավարության համար և կարևոր է տարածաշրջանում խաղաղության ու կայունության, ՀՀ ինքնիշխանության համար․ սա անկյունաքար է Սյունիքի մարզի հետ մեր համագործակցության ընթացքում»։
ԵՄ զարգացման դեպարտամենտի ծրագրի ղեկավար Տաթևիկ Դավթյանը ներկայացրեց «Դիմակայուն Սյունիքի Թիմ Եվրոպա» նախաձեռնության 2024 թվականի արդյունքները։ Մասնավորապես նշվեց, որ այս պահին 42 ծրագիր ընթացքի մեջ է, ավարտվել է 22 ծրագիր։ 2024թ․ տարբեր ծրագրերի շրջանակներում մարզում ստեղծվել է 52 նոր աշխատատեղ, 20 ստարտափ, 80 բիզնեսի տրվել է աջակցություն, ավելի քան 3000 մարդ տարբեր կարողությունների զարգացում ու վերապատրաստում է անցել։
Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը ներկայացրեց Սյունիքում պետական, համայնքային, միջազգային ծրագրերով իրականացված աշխատանքը, նաև այն խնդիրները, կարիքները, որոնք կարող են ուղենշային դառնալ դոնորների համար՝ առաջիկա ծրագրերը մշակելիս։
Ելույթ ունեցան նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպայի» մաս կազմող ԵՄ երկրների՝ հանդիպմանը ներկա դեսպանները։
Վերջում ծավալվեց քննարկում առաջիկա անելիքների մասին, որի ընթացքում Սյունիքի մարզպետը ներկայացրեց նաև մարզում հրատապ լուծման կարիք ունեցող այն խնդիրները, որոնք առաջնային են, ու ցանկալի է հետագա դրամաշնորհային ուղղություններում ընդգրկել դրանք։
———————————————————————
Հիշեցնենք, որ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպան» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրներ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։
Շուրջ 150 միլիոն եվրո բյուջեով այն շարունակում է աջակցել ՄՓՄՁ-ներին, ներդրում կատարել հմտությունների զարգացման համար և կանաչ ենթակառուցվածքների մեջ, ինչպես նաև ընդլայնել հասանելիությունը հանրային ծառայություններին։