Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

23.06.2025

 Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կնքվեց համագործակցության եռակողմ պայմանագիր, որը ստորագրեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։

Նոր հիմնվող գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն ֆինանսական ներդրում է կատարում՝ աջակցելով «Դասավանդի՛ր, Հայաստանի» կրթական ծրագրերի իրականացմանը Սյունիքի մարզում՝ 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում։
Կրթական հիմնադրամի որակավորված հինգ ուսուցիչ-առաջնորդները կաշխատեն Սյունիքի բնակավայրերում՝ ուղղակի ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտի վրա և կրթության միջոցով նպաստելով կայուն, երկարաժամկետ փոփոխություններին։
Այս փոխգործակցությունը հնարավոր է դարձել Սյունիքի մարզպետի աշխատակազմի աջակցության և ԶՊՄԿ-ի՝ ֆինանսական օժանդակություն տրամադրելու պատրաստակամության շնորհիվ։
«Գործընկերությունը, որի հիմքը դրվեց այսօր, ևս մեկ շոշափելի արդյունք է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի միջև կնքված համագործակցության հուշագրի, որում ամենակարևոր ոլորտներից է կրթությունը։
Իսկ «Դասավանդիր Հայաստան»-ի աշխատանքներն արդեն իսկ տեսանելի են մարզում՝ հատկապես այն գյուղական դպրոցներում, որտեղ մասնագետների պակաս կար։ Բացի երեխաների համար որակյալ կրթության իրավունքն ապահովելուց, հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների աշխատանքը տեսանելի է հենց բնակավայրերում։
Կարևորում եմ, որ ԶՊՄԿ-ն այս փոփոխություններ բերող ծրագրի աջակիցն է, քանի որ մեր երեխաների ուսման մեջ այսօր կատարվող ներդրումը լավ մասնագետներ ունենալու և Սյունիքի կայուն զարգացման երաշխիքն է», - ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական զարգացման ծրագրերում ավանդաբար մեծ դեր ունեն կրթական ծրագրերը», - ասաց «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ «Մեզ համար հատկապես առաջնային են ներդրումները մեր տարածաշրջանում՝ Կապանում, Քաջարանում և ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում։ Այդ առումով Սյունիքում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրի գործընկեր դառնալը մեզ համար և՛, պատիվ է և՛ ոգևորության աղբյուր։ «Դասավանդի՛ր, Հայաստանը» նոր մշակույթ է բերում դպրոցներ, և ուրախ ենք, որ Սյունիքի դպրոցներում աշակերտները կդառնան այս բացառիկ ծրագրի մաս»։
«Մենք խորապես երախտապարտ ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ աջակցության և ԶՊՄԿ-ին՝ կրթությանը և սոցիալական զարգացմանը նվիրվածության համար», - ասաց «Դասավանդի՛ր, Հայաստանի» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ «Նրանց աջակցությունը ցույց է տալիս կրթության վերափոխող ուժի նկատմամբ մեր ընդհանուր հավատը։ Միասին մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի համար ավելի լուսավոր և արդար ապագա կառուցելու ուղղությամբ»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 15:11:28