Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սիսիանում բացվեց Քաղաքացիների սպասարկման վերանորոգված գրասենյակը
30.06.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր Սիսիանում մասնակցել է Քաղաքացիների սպասարկման վերանորոգված գրասենյակի պաշտոնական բացմանը։
Համայնքապետարանում նորացված հարմարություններով գրասենյակն այժմ ավելի նպաստավոր միջավայր է ապահովում համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչներին վարչական ծառայություններ մատուցելու համար։
Գրասենյակը վերանորոգվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» (GGLD) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
Շնորհավորելով ներկաներին ու Սիսիանի բոլոր քաղաքացիներին՝ Հայկ Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին այն բոլոոր ծրագրերի համար, որ իրականացնում են Սյունիքում։
«Սա օրինակ է, երբ տեղական ինքնակառավարման մարմիններն ու մեր միջազգային գործընկերները համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծում են կառույց, որի ուղիղ շահառուն համայնքի յուրաքանչյուր քաղաքացի է։ Համագործակցությունը ցույց է տալիս, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, քանի որ, համատեղելով այն պատկերացումները, որ ունի ՀՀ կառավարությունը և այն աջակցությունը, որ տրամադրում են միջազգային կառույցները, կարելի է շատ կարճ ժամանակում առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնել քաղաքացու կյանքն իր բնակավայրում», - ասաց մարզպետի տեղակալը։
Միջոցառմանը ներկա էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին։
Այս գրասենյակում գործարկվող համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ կառավարում, բնակիչներին ծառայություններ մատուցել ինչպես տեղում, այնպես էլ առցանց և հետևել դիմումների ընթացքին։ Համակարգը նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանը՝ կրճատելով ծառայությունների մատուցման տևողությունը։