Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԸ
11.08.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Տեղ համայնքի օրվան նվիրված տոնակատարություններին։
Համայնքի օրը նշվում էր առաջին անգամ և սահմանվել է ավագանու՝ մարտին ընդունած որոշմամբ։
Տոնական օրը մեկնարկել է Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ժամերգությամբ։
Այնուհետև տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառում, համերգային ծրագրեր, պարգևատրումներ, մշակութային ու սպորտային տարբեր իրադարձություններ։ Իսկ հրապարակում տեղակայված տաղավարներում ավանդական ազգային ուտեստներով հյուրասիրությունն էր՝ համայնքին բնորոշ համուհոտով։
Սյունիքի մարզպետը հյուրերի հետ շրջեց տաղավարից տաղավար, շնորհավորեց բնակիչներին։
«Նման միջոցառումներով համայնքի բնակիչներն իրենց միասնությունն են ցույց տալիս, ջերմ վերաբերմունքը միմյանց ու համայնքի նկատմամբ, իսկ հյուրերին՝ ներկայացնում սյունեցիների տրամադրությունը, - նշեց Ռոբերտ Ղուկասյանը։ - Այնքան ժպիտ, որ այսօր այստեղ ենք տեսնում՝ հազվադեպ երևույթ է։ Սյունիքի մարզի տասնյակ գյուղեր սահմանամերձ են, այստեղ էլ, ըստ էության, յոթ բնակավայր կա, յոթն էլ՝ սահմանամերձ, բայց այսօրվա միջավայրն ու մթնոլորտը ցույց են տալիս, թե ինչին է ձգտում մեր ազգը՝ խաղաղության, որը միշտ պակասել է մեզ»։
Երեկ Տեղի հավերժության պուրակում նաև բացվեց Անդրանիկ Զորավարի կիսանդրին։
Հիշեցնենք, որ Տեղ համայնքն իր մեջ ընդգրկում է յոթ գյուղ՝ Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր, Քարաշեն, Վաղատուր, Խնածախ ու Տեղ։