Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
12.08.2025

Սիրելի՛ երիտասարդներ
Ջերմորեն շնորհավորում եմ այսօր նշվող Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
Յուրաքանչյուր մարդու կյանքում երիտասարդությունը ամենահետաքրքիր ժամանակն է՝ լի երազանքներով, տպավորություններով, նվաճումներով և առաջին լուրջ որոշումներով։
Այն հրաշալի շրջափուլ է, երբ մշտապես փնտրտուքների մեջ եք՝ լավագույնը լինելու ցանկությամբ, նաև ստեղծագործականություն է, հայտնագործությունների և ամենահամարձակ նպատակների իրականացման հնարավորություն։
Բոլորիդ անկեղծորեն մաղթում եմ երջանկություն, առողջություն, խենթ ծրագրերի իրականացում։ Այդ ճանապարհին կարևոր է, որ երազեք, մշտապես սովորեք ու ինքակատարելագործվեք, հավատաք ինքներդ ձեզ ու ձգտեք հենց դո՛ւք մեր հայրենիքում ստեղծել այն միջավայրը, որին ձգտում եք, և որում հարմարավետ է ու խաղաղ։
Ձեր շնորհալի նախաձեռնությունները, համարձակ գաղափարներն ու նախագծերը աջակցվում են պետության կողմից, և ցանկության դեպքում ունեք բազմաթիվ նոր հնարավորություններ՝ հետագա զարգացման, ինքնադրսևորման, անձնական աճի և Սյունիքի կյանքում իմաստալից մասնակցության համար։
Դուք նաև մեր մարզի զարգացման շարժիչ ուժն եք, թարմ գաղափարների և անսահման էներգիայի կրողները։ Ձեր տաղանդը, կրթությունը և նպատակասլացությունը Սյունիքն ու Հայաստանը ավելի զորեղ ու բարգավաճ կառուցելու բանալին են։ Այդ ամենի համար պետք է օգտագործեք ժառանգած լավագույն արժեքներն ու ավագների փորձը՝ ներդնելով ձեր թարմ միտքն ու նորարարությունը։
Հավատո՛ւմ եմ մեր երիտասարդությանը, հպարտանում ձեզանով, կրթական, մարզական, գիտական ու այլ ոլորտների հաղթանակներով, որը մեզ համար հույս է և վստահություն՝ երկրի ապագան հոգատար ձեռքերում տեսնելու համար։
Ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ, հավատարիմ ընկերներ, սեր ու խաղաղություն, իսկ ձեր ուղին թող միշտ առաջնորդվի հույսով, գիտելիքներով և մեր հայրենիքի հանդեպ սիրով։