Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՈՐԻՍՈՒՄ ՏՈՆ ԷՐ․․․
15.08.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 15-ին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաների, Գորիս ժամանած հյուրերի հետ մասնակցել է «Գորիսյան օրեր» տոնական միջոցառումներին։
Համայնքին նվիրված տոնը մեկնարկել է Ակսել Բակունցի տուն-թանգարանում՝ մշակութային միջոցառմամբ, որտեղ ներկայացվել էին նաև գորիսեցի անվանի գեղանկարիչների գործերը։
Քաղաքի Մաշտոցի փողոցում գորիսյան ավանդական բացօթյա հյուրասիրություն էր կազմակերպվել՝ ազգային ու զուտ տեղական ուտեստների մատուցմամբ՝ համեմված համերգային կատարումներով, քաղաքի ՆՈՒՀ-երի մանուկների մասնակցությամբ հետաքրքիր նախաձեռնություններով։
Գորիսի կենտրոնական հրապարակում անցկացվեցին նաև մարզական մրցումներ, տեղադրվել էին տեղական արտադրության վաճառքի ու համայնքի բնակավայրերի հյուրասիրության տաղավարներ։
Երեկոյան «Տերյան մշակութային կենտրոնը» հանդես եկավ հայկական տարազի ցուցադրոթյամբ՝ «Գորիսի գույներ» խորագրով։
Տոնական օրն ամփոփվեց գալա-համերգով՝ մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչների մասանակցությամբ և պարային ռիթմերով։