Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական հանդիպումը՝ Սյունիքի մարզում

22.08.2025

 Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։

Խորհրդակցությունից առաջ կազմակերպվել էր «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել էին մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից լավագույն նախագծային աշխատանքները:
Հանդիպման մեկնարկին Հայկ Հարությունյանը նշեց, որ անցած ուսումնական տարին մարզպետի աշխատակազմի գնահատմամբ Սյունիքի հանրակրթական ուսհաստատություններն ավարտել են հաջողություններով ու նոր ձեռքբերումներով։
«Դուք բոլորդ կատարել եք այն աշխատանքը, որն անհրաժեշտ էր՝ ներկա պայմաններում ուսումնական գործընթացը հարթ կազմակերպելու համար։ Վստահ եմ, որ գալիք տարի ևս մեր առջև դրված խնդիրները հաջողությամբ կկատարենք», - ասաց մարզպետի տեղակալը։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ կրթական ոլորտում նախորդ տարի կատարված ու եկող ուստարում պլանավորված աշխատանքներին, խոսեց նաև խնդիրներից, ներկայացրեց իրավական, կառավարման, ֆինանսական, ուսումնական գործընթացներում սպասվող փոփոխությունները։
Ամոփոփելով անցած ուստարին՝ նա նշեց, որ Սյունիքից բուհեր ընդունվելու համար դիմել էր 751 շրջանավարտ, քննություններին ներկայացել էր 730-ը, նրանցից 550-ը ընդունվել է բուհ՝ 102 հոգի՝ անվճար։
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրեր հանձնվեցին «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթած սյունեցի մանկավարժներին։
Ներկաները նաև իրենց հուզող հարցերն ուղղեցին պաշտոնյաներին:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրեց, որ եթե 2024-2025 ուստարին հայտարարվել էր մշակութային տարի, նոր՝ 2025-2026-ը հայտարարվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ, որի շրջանակում մի շարք նախաձեռնություններ կլինեն։
Այսօր ՀՀ ԿԳՄՍ ու Սյունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ անցկացվեցին նաև մարզի նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-25 16:36:20