Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՏՈՆ ԷՐ․ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 67-ԱՄՅԱԿԸ
25.08.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 24-ին մասնակցել է Քաջարան քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Տոնական օրը մեկնարկել է քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպված նարդու առաջնությամբ։
Այնուհետև մարզպետի աշխատակազմի անդամները համայնքային իշխանության ու քաղաք ժամանած բազմաթիվ հյուրերի հետ ծաղկադրում են կատարել հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցիների շիրիմներին։
Քաջարանի մշակույթի կենտրոնում կայացած հանդիսավոր նիստին շնորհավորելով քաղաքի տոնը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնավորապես ասաց․
«Քաջարանցիներն այս տարիների ընթացքում կերտել են իրենց ուրույն կերպարը։ Եվ Քաջարանն այն վայրն է, որտեղ կա ոչ թե անհատական, այլ միասնական ջանք։ Հենց այդ ջանքով Քաջարանն այսօր ավելի է ծաղկում և զարգանում։
Վերջին տարիներին համայնքի, կառավարության, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հետ համատեղ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում Քաջարանում՝ բոլոր բնագավառներում։ Եվ աշխատանքի քաջությունը տարածվում է նաև կրթության ոլորտում, մշակույթի ու հոգևոր ոլորտներում, ու մենք ամենօրյա զարգացում ենք տեսնում։ Քաջարանցին ապացուցում է, որ կա մի բան, որը չի կարող աննկատ մնալ․ դա աշխատանքն է ու աշխատող մարդը, հետևաբար, Քաջարանում ամեն ինչի կենտրոնում մարդն է»։
Քաջարանցիներին շնորհավորեցին նաև Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը։
Ցուցադրված տեսաֆիլմով ներկայացվեց անցած մեկ տարում Քաջարանում կատարված աշխատանքը։
Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը շնորհավորանքի խոսքից հետո շնորհակալագրեր, հուշանվերներ, դրամական պարգևներ հանձնեց համայնքային կյանքի տարբեր ոլորտներում դերակատարում, վաստակ ու ներդրում ունեցող անձանց։
Հանդիսավոր նիստին ներկայացվեցին նաև գեղարվեստական համարներ՝ տեղի ու հրավիրված արտիստների, Հայաստանի պարի պետական անսամբլի կատարմամբ։
Քաջարանի տոնին նվիրված հանդիսավոր օրը լի էր մշակութային այլ միջոցառումներով ևս։