Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.09.2025

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ
Սրտանց շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Սա տոն է, որը մեզ հիշեցնում է՝ կրթությունը անհատի և ողջ հասարակության զարգացման հիմնական ուղին է։ Յուրաքանչյուր ուսումնական տարի նոր հնարավորություն է՝ բացահայտելու կարողությունները, նոր բան սովորելու և առաջ շարժվելու երազանքների ուղղությամբ։
Շնորհավորում եմ հատկապես առաջին դասարանցիներին, որոնց համար այս հիշարժան Սեպտեմբերի 1-ին սկսվում է գիտելիքների աշխարհ տանող հետաքրքիր ու պատասխանատու ուղին․ թո՛ղ որ դպրոցում ամեն օրը ձեզ համար լինի ուշագրավ և բեղուն։
Սիրելի՛ մանկավարժներ, անգնահատելի է ձեր աշխատանքը․ դպրոցներում կրթվող նոր սերնդի հաջողությունն ու նաև մեր հայրենիքի վաղվա լուսավոր օրը կախված են ձեր իմաստնությունից, համբերությունից, նվիրվածությունից և արհեստավարժ աշխատանքից։
Ծնողներին մաղթում եմ, որ այն ջանքերը, որ այսօր ներդնում են՝ հուսալի հենարան դառնալով իրենց երեխաների համար, աջակցելով նրանց կրթության և նվաճումների առաջին քայլերին՝ պարգևատրվեն զավակների հաջողություններով և երջանիկ կյանքով։
Իսկ պետությունն այսօր իր մշտական ուշադրության ու հատուկ հոգածության ներքո է պահում կրթական համակարգը՝ ձգտելով ստեղծել առավելագույն հարմարավետ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար․ այս պահին Սյունիքի մարզում ընթացքի մեջ են 28 նոր դպրոցների կառուցման և 9 դպրոցների հիմնանորոգման աշխատանքները։ Նոր բացվող դպրոցները հագեցվում են նոր գույքով, համակարգիչներով, լաբորատորիաներով, սարքավորումներով՝ բարենպաստ միջավայր ստեղծելով կրթության և գիտության զարգացման համար։
Այս տոնական օրը աշակերտներին մաղթում եմ թարմ գիտելիքներ ձեռք բերելու ամենօրյա ձգտում, դրանք յուրացնելու համառություն, հարգանք և երախտագիտություն ուսուցիչների հանդեպ։ Դպրոցում գրանցած բարձր արդյունքները կօգնեն հասնել ապագայի նպատակներին՝ աշխատել, արարել, հաղթել՝ հանուն անձնական երջանկության, հանուն մեր երկրի և Սյունիքի բարօրության։
Թո՛ղ նոր ուսումնական տարին բոլորի համար լինի արգասաբեր ու խաղաղ, լի՝ կրթական հաղթանակներով ու զարգացում բերող նորարարությամբ, ստեղծագործական գաղափարներով, ապագայի նկատմամբ վստահությամբ։
Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1, բարի՛ երթ 2025-2026 ուսումնական տարվան։