Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
GIZ-Ը ՄԱՐԶՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԿՈՒՆԵՆԱ
17.09.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հանդիպել է GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի խորհրդատու Աղասի Մնացյանին:
Նա ներկայացրել է կազմակերպության՝ Սյունիքում աշխատող ներկայացուցչին, քանի որ GIZ-ը մարզում (Կապանում) այսուհետ գործող գրասենյակ կունենա՝ ծրագրերն առավել թիրախային ու արդյունավետ իրագործելու համար։
Կողմերը քննարկել են կազմակերպության ընթացիկ և գործնական փուլ մտած ծրագրերն ու այս պահին հայտարարված դրամաշնորհների համար Սյունիքի համայնքներից ստացված հայտերը։
SE4Resilience-ն ուղղված է Հայաստանի համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը․ ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի գյուղական համայնքներին օգտագործել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը՝ կայուն, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ զարգացման համար, ինչպես նաև աջակցել վերականգնվող էներգիային և էներգաարդյունավետությանն ուղղված հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ տնային տնտեսությունների և փոքր ձեռնարկությունների մակարդակում:
Նարե Ղազարյանը ծրագրի իրականացման ընթացքում մարզային իշխանության կողմից սերտ համագործակցության ու համատեղ փոխշահավետ աշխատանքի պատրաստակամություն հայտնեց։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, իրականացվում՝ ԳՄՀԸ/GIZ-ի կողմից: